Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի կայունության համար։ Դրանք կարող են ուղղակիորեն վտանգել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ ու միջազգային իրավունքի նորմերին հակասող գործողությունները՝ ընդգծելով, որ հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես դիվանագիտական ուղիներով։
Մենք ընդգծում ենք, որ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության, միջազգայնորեն ընդունված մեխանիզմների և դիվանագիտական հարթակների միջոցով։
Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ ունի պատմականորեն ձևավորված ռազմավարական հարևանություն և փոխշահավետ համագործակցություն։ Ուստի մեր երկրի անվտանգությունը սերտորեն կապված է տարածաշրջանային կայունության պահպանման հետ։
Ներկայիս վտանգավոր աշխարհաքաղաքական միջավայրում մենք ընդգծում ենք.
• Հայաստանի իշխանությունները պարտավոր են դրսևորել սթափություն, կանխատեսելիություն և ռազմավարական պատասխանատվություն։ Յուրաքանչյուր անհարկի կեցվածք կամ հայտարարություն հակասում է մեր պետության անվտանգային շահերին։
• Հայաստանի իշխանությունները պարտավոր են անմիջապես հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ ռազմավարական դիրքորոշում հստակեցնելու համար։
• Խիստ դատապարտելի ենք համարում այն գործելակերպը, երբ արտաքին վտանգների ֆոնին իշխանությունը շարունակում է հանրությանը պառակտող և հասարակական համերաշխությունը խաթարող օրակարգերի առաջ մղումը։ Նման քաղաքականությունը հղի է ոչ միայն ներքին պառակտմամբ, այլ նաև արտաքին սպառնալիքներին դիմագրավելու պոտենցիալի թուլացմամբ:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իշխանություններին կոչ է անում․
• Հրաժարվել ներքաղաքական սրացում և հասարակության բևեռացում խորացնող արկածախնդիր, հակասահմանադրական նախաձեռնություններից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող քստմնելի կամպանիայից,
• Հստակեցնել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ խուսափելով քայլերից, որոնք կարող են խաթարել մեր երկրի հարաբերությունները ռազմավարական գործընկերների, հատկապես՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:
Հայաստանի անվտանգությունն այսօր պահանջում է սթափ, հաշվարկված քաղաքականություն, հանրային համախմբում, որակյալ ու հաշվետու կառավարում։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը վճռական է՝ շարունակելու հետևողական գործունեությունն այս հայտարարության տեքստում շարադրված սկզբունքների շրջանակում:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդ
2025 թ․ հունիսի 13