Կիրանցը ոչ ոք գյուղ չի լքել . Տավուշի մարզպետ
Այսօրվա դրությամբ Կիրանց գյուղում ընթանում է 55 նոր բնակելի տան շինարարություն՝ սահմանամերձ բնակարանաշինության ծրագրի շրջանակում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցնում է, որ գյուղից ոչ ոք չի հեռացել։
«Այս պահին Կիրանցից արտագաղթած քաղաքացիներ չունենք։ Գյուղում իրականացվում է պետական աջակցությամբ բնակարանաշինության լայնածավալ ծրագիր՝ ընդհանուր 16 միլիոն դրամի չափով», — ասաց մարզպետը հունիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Տավուշում վերջին կրակոցները եղել են մոտ մեկ ամիս առաջ Բերդի շրջանում։ «Դրանք անկանոն կրակոցներ էին և որևէ կոնկրետ ուղղություն չունեին։ Այս պահին իրավիճակը հանգիստ է», — նշեց Ղալումյանը։
Սահմանազատման վերաբերյալ մարզպետը տեղեկացրեց, որ իր ունեցած տվյալներով այդ ուղղությամբ այս պահին որևէ գործընթաց չի ընթանում։
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է ճաքել Կիրանցի պատը, մարզպետը պատասխանեց. «Այդ աշխատանքները իրականացվել են սեղմ ժամկետում, ինչն էլ որոշ հետևանքներ է թողել։ Չեմ համարում դա աղետ, դա վերականգնվող խնդիր է։ Պատը՝ 130 մետր երկարությամբ, կառուցվել է բնակիչների պահանջով և հիմնականում հոգեբանական նշանակություն ունի։ Տեղում մեծածավալ հողային լիցքավորումներ են արվել, ինչի հետևանքով էլ առաջացել է խնդիրը, որը արդեն լուծման փուլում է»։
Ղալումյանի խոսքով՝ Կիրանցը համարվում է սահմանի ամենաանվտանգ հատվածներից մեկը։ «2024 թվականից սկսած՝ այդ ուղղությամբ որևէ սրացում կամ գործընթաց չենք արձանագրել։ Սահմանազատման սկզբնական փուլում որոշ անհանգստություն կար, սակայն այն հիմնականում պայմանավորված էր որոշ քաղաքական շրջանակների ուղղորդմամբ։ Ես շաբաթ օրը կրկին եղել եմ Կիրանցում, հաճախ եմ լինում այնտեղ, և կարող եմ վստահ ասել՝ բնակչության մոտ լուրջ անհանգստություն չկա»։