Քննարկումից՝ լեզվակռվի. վեճ ՔՊ-ի և «Հայաստան» խմբակցության կին պատգամավորների միջև
Ազգային ժողովում ընթացող «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն ուղեկցվեցին լարված միջադեպով։ Նիստի ժամանակ բանավեճ ծագեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության անդամներ, ՀՅԴ ներկայացուցիչներ Լիլիթ Գալստյանի ու Արմենուհի Կյուրեղյանի միջև։
Քննարկվում էր ԿԳՄՍ նախարարության նախորդ տարվա բյուջեի կատարողականը։ Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով հատկապես դպրոցաշինությանը, մի շարք քննադատական հարցադրումներով հանդես եկավ։ Ի պատասխան՝ Վարդանյանն ասաց․ «Եթե բանականության շեմը հաղթահարվել է, պետք է հասկանանք, որ շինարարությունը մրցավազք չէ՝ ամեն քայլը տոկոսներով չափելու համար։ Լավ կլինի հիշել, թե երբ կրթության ոլորտը ՀՅԴ-ի ձեռքում էր, ի՞նչ է արվել այդ տարիներին»։
Երբ Գալստյանը փորձեց արձագանքել, նիստը նախագահող Վարդանյանը հայտարարեց, որ խոսքի իրավունք չի տվել և պահանջեց անջատել խոսափողը։ Այնուամենայնիվ, Գալստյանը շարունակեց խոսքը․ «ՀՅԴ-ի տարիներին կառուցվել է 110 դպրոց։ Դուք տարածում եք կեղծ տեղեկատվություն և թույլ չեք տալիս արձագանքել։ Չի կարելի մոլորեցնել հասարակությանը»։
Վարդանյանը պատասխանեց՝ կոշտ մեկնաբանությամբ․ «Կեղծիքի առաջնագծում հենց դուք եք։ Տիկին Գալստյան, դուք այստեղ ճշմարտության համար չեք եկել։ Ձեր ասածները մոլորեցնող են»։
Լեզվակռիվը շարունակվեց նաև Ծովինար Վարդանյանի և Արմենուհի Կյուրեղյանի միջև։ Վերջինս, անդրադառնալով թեմային, նշեց․ «Երբ կրթության ոլորտը ՀՅԴ-ն էր ղեկավարում, կառուցվել է 110 դպրոց։ Բայց ՀՅԴ-ն երբեք չի խոստացել 300 դպրոց ու 500 մանկապարտեզ, ինչպես ներկայիս իշխանությունը։ Խոսքն այն մասին է, որ պետք է խոստումն ու արդյունքը համընկնեն»։
Վարդանյանն արձագանքեց․ «Ուզում եմ հասկանալ՝ ձեր խոսքը չարախնդա՞լ է։ Հիշեցնեմ, որ այս պահին նիստը նախագահում եմ ես, և դուք պարտավոր եք հարգել ընթացակարգը»։