Ի՞նչ է պատմել ՀՀ նախագահին Դավիթ Խուդաթյանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։
Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։
Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես նաև Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածում։ Դավիթ Խուդաթյանը նախագահին է ներկայացրել մասնավորապես թունելների և կամուրջների կառուցման ուղղությամբ արձանագրված արդյունքները:
Նախարարը հայտնել է նաև, որ 2024 թվականին արդեն իրականացվել է շուրջ 500 կմ ճանապարհների կառուցապատում, իսկ ընթացիկ տարում նախարարության հիմնական նպատակներից է նույն ծավալի ճանապարհների կառուցումն ու վերականգնումը։
Հանրապետության նախագահը կարևորել է ենթակառուցվածքային զարգացումը՝ նշելով, որ դրանք ոչ միայն նպաստում են տարածքային համաչափ զարգացմանը, այլև խթանում են տնտեսության աճն ու բարելավում բնակչության կյանքի որակը։