6.06.2025
Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ հրահանգ են «վերեւից» ստացել ՀՀ-ում ռուսական կապիտալով խոշոր ընկերությունները. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել՝ այլեւս բարեգործական ծրագրերի, տարբեր հիմնադրամների, միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։ Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչը մեզ պատմեց, որ նախազգուշացումը ստացել են վերջերս, սակայն իրենց մանրամասներ չեն փոխանցել, եւ չգիտեն` այդ որոշման հիմքում քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական բաղադրիչ է դրված։


Ըստ ամենայնի, դա քաղաքական հրահանգ է, քանի որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ շրջանում ռուսական կապիտալով գործող ընկերությունները չեն դադարեցրել ֆինանսական աջակցությունը հասարակական նախաձեռնություններին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թվում է` Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ԱԺ ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»: Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաեւ առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։


ՀԱԵ բարձրագույն մարմինն Ազգային-եկեղեցական ժողովն է, որը եւ ընտրում է կաթողիկոս: Ընտրությունն անցկացվում է 3 փուլով: Առաջին փուլից հետո մնում են առավելագույն ձայներ ստացած 3 թեկնածուները, երկրորդ փուլից հետո՝ երեքից երկուսը, երրորդ քվեարկությամբ որոշվում է, թե ով կլինի կաթողիկոսը: Չնայած ՔՊ-ականները վերեւից հրահանգ են ստացել՝ կատաղի մարտեր մղել հոգեւոր դասի դեմ, մասնավորապես՝ կուսակրոնության թեմայով, սակայն մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ այլ` վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի «խաղաղության պայմանագրի» ալիեւյան տարբերակը՝ կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումն է, այլ վտանգավոր պահանջներ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ չհաջողվեց 2018-ին, Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց՝ Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ Վեհափառը: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել՝ եկեղեցուն ու Վեհափառին վարկաբեկելու, Գարեգին Բ-ին եկեղեցուց «հեռացնելու» հարցերում: Իշխանամերձ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ: Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը, եւ օրենսդրական նախաձեռնություններ կարվեն՝ ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար:


Մեզ փոխանցում են նաեւ, որ իշխանությունները կոմպրոմատներ են հավաքել Վեհափառի ու նրա շրջապատի մասին, որոնք պետք է օգտագործվեն նրանց դեմ: Դրանք անձնական բնույթի տվյալներ են, որոնք իշխանությունը վաղուց ունի իր ձետքի տակ, բայց պատրաստվում է հիմա օգտագործել: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, որոնք նրա դիրքորոշումն արտահայտողներն են, այս օրերին շարունակելու են քննադատել եկեղեցուն, եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություններ անել, որպեսզի այդ կերպ ավելի ներազդեն հոգեւորական թեւի վրա: Ու դա էր պատճառը, որ երեկ՝ առավոտ կանուխ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»: Իսկ փաշինյանական կայքերը կոնկրետ անուն էին հրապարակել, եւ պահանջ են ներկայացնում, թե Խաթուն Գրիգորյանցը եւ Գարեգին 2-րդը պետք է ԴՆԹ հետազոտութան ենթարկվեն. կասկածներ կան, որ նա Վեհափառի դուստրն է: Կարճ ասած՝ անձնականն ու գործնականը միախառնվել են»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, դեռ չմարսած ԱՆԻՖ-ում մսխված 25 միլիարդ դրամ գումարը, ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։ Բանն այն է, որ իշխանության վերնախավը հիմնադրել է «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը։ Համաձայն այս կենտրոնի կայքի՝ կենտրոնի առաքելությունն է օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում: Կազմակերպության նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր՝ ուղղակի ներդրումներ, եւ խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը:


Սա գրեթե նույն բանն է, ինչ որ խոստացել էին կատարել ԱՆԻՖ-ի դեպքում։ ԱՆԻՖ-ը եւս պետք է իրականացներ տնտեսության զարգացման ծրագիր, սակայն ձախողվեց ամեն բան։ Այսինքն՝ «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը, կարճ ասած, «նոր ԱՆԻՖ» է։ ԱՆԻՖ-ի կոռումպացված փորձից ելնելով՝ իշխանությունը, իհարկե, այս անգամ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրել է ոչ թե Տիգրան Ավինյանին, այլ հենց ՔՊ կուռք Նիկոլ Փաշինյանին։ Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահները ՀՀ փոխվարչապետներն են՝ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։


Հոգաբարձուների խորհրդի անդամների կազմում են նախարարներ Դավիթ Խուդաթյանը, Վահե Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանը, Գեւորգ Պապոյանը, Մխիթար Հայրապետյանը եւ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս կենտրոնի տնօրեն է նշանակվել Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։


Այս հարցով դիմել ենք արտաքին գործերի նախարարություն, թե ինչպես է ստացվել, որ Արարատ Միրզոյանի կինը «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխան չստացանք: Ինքը՝ Աբաջյանը, համացանցում այլեւս հասանելի չէ, ուստի պարզել չկարողացանք՝ ինչպես է աշխատելու, որ պետությունը ԱՆԻՖ-ի դեպքի նման խոշոր վնաս չկրի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առավոտյան վազքով է օրը սկսում, առողջապահության ոլորտում քաոս է տիրում։ 2 օրում 2 մանկահասակ երեխայի մահ է արձանագրվել տարբեր բժշկական կենտրոններում։ Բուժաշխատողները շարունակ բռնության են ենթարկվում փողոցներում, տանը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը, ով օրերս Նիկոլ Փաշինյանի 50-ամյակին գինի էր վայելում, ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, այն է՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ այգետնակ՝ ամառանոց։


Բազմաբնակարան շենքի բնակարանը ձեռք է բերվել 2014 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ այգետնակը՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում 2005 թվականին։ Առողջ ապրելակերպ թելադրող Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է FORD մակնիշի ավտոմեքենա՝ 2012 թվականի թողարկման, որը գնել է 2015 թվականին։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 67 հազար դրամ, 2 հազար 576 ԱՄՆ դոլար, 14 եվրո։ Բանկային ավանդները կազմել են 40 հազար 035 ԱՄՆ դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 32 մլն 227 հազար դրամ, որից 20 մլն 344 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է, իսկ 11 մլն 883 հազարը շահաբաժին է «ԱԲՈՎՅԱՆ 39»-ից։ Մամուլը երկար տարիներ է, ինչ գրում է, որ 2017-2018 թթ.-ին՝ մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաեւ «Աբովյան 39» ՍՊԸ-ի տնօրենը։


Անահիտ Ավանեսյանը data.hetq-ին հայտնել էր, որ նախկին հայտարարագրերում առկա նշված եկամուտն ինքը ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ-ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ «Աբովյան 39»-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից եւ 2012թ.-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաեւ Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը, եւ մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Համեմատության համար նշենք, որ Անահիտ Ավանեսյանը 2018 թվականի՝ պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր էր ներկայացրել եւ բազմաթիվ դատարկ աղյուսակներ էր թողել առողջապահության նախարարի տեղակալ եղած ժամանակ։ Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։ Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1 մլն 950 հազար դրամ եւ 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 16 մլն 519 հազար դրամ։ Եվ հանկարծ հիմա պարզվեց, որ վաղուց ունի երկու տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարագրում չկային»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կաշառքի գործով կա անջատված մաս, ու քննությունը շարունակվում է։ Դատելով իրավիճակից՝ դատավորին կաշառք տալու գործով այլ անձինք կան ներգրավված, որոնց բացահայտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Մասնավորապես, պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ.Ս.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, եւ որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով՝ դատաքննությունն անհարկի ձգձգելու, եւ արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով՝ մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ»։


«Հրապարակ» օրաթերթը  գրում է. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ «Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։ Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի էր շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցելն ավելի էժան կլիներ»,- մեզ ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչը՝ չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի: Նրա համոզմամբ՝ նման որոշումը տնտեսապես շահավետ չէ, խելամիտ չէ, եւ անգամ շատ հարուստ պետություններում շենքերը նորոգում են:


Կարող էին դպրոցի հին շենքը ցանկացած այլ նպատակի ծառայեցնել, այլ ոչ թե «300 դպրոց կառուցելու պլանն ապահովելու համար» հիմնահատակ քանդել։ Ստացվում է, որ իշխանությունը պետական միջոցներն ուղղակի քամուն է տալիս։ Էջմիածնի թիվ 1 դպրոցը հիմնադրվել է 1969-ին, հիմնանորոգում հետագայում չի արվել։ Դպրոցն ունի 600-ից ավելի աշակերտ։ Փորձեցինք կապվել դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ, որ հասկանանք, թե ով է այս գաղափարի հեղինակը, եւ որտեղ են սովորելու երեխաները շինարարության շրջանում։ Սակայն գործավարուհին, իմանալով, որ հարցեր ունենք «շեֆին», անջատեց հեռախոսը։ Էջմիածնի համայնքապետարանից եւս փորձել էինք պարզաբանում ստանալ, գրավոր հարցում էին պահանջել եւ մինչ օրս չեն պատասխանել։ Իսկ ԿԳՄՍՆ-ից տրամադրեցին շրջակա միջավայրի նախարարության փորձաքննության եզրակացությունը՝ դպրոցի հետ կապված, որից տեղեկացանք, որ ոչ միայն 6 երկհարկանի մասնաշենքերն են քանդելու, այլեւ «տեխնիկայի տեղաշարժմանը խանգարող» 68 ծառ է հատվելու, որից միայն 17-ը կվերատնկվի: 


 

Մենք ենք տերը մեր անլրջության
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին