Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ
Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,– նշեցին կոմիտեից։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայությունում:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալվածները կոմունալ բաժնի աշխատակիցներ են։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ձերբակալվել էր Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: Բացի նրանից, ձերբակալվել էին նաև 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, այդ ժամանակ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արամ Այվազյանը, նաև այլ ներկա և նախկին պաշտոնյաներ: Այդ գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, 11 մեղադրյալ կա։