Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել։ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
«Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,-հայտարարեց նա՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Նոր Նորք վարչական շրջանի բնակչությանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ գնահատում է Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումը։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։