ՍԱՏՄ-ն կաջակցի բրուցելոզից ազատ երկիր ունենալու բոլոր նախաձեռնություններին
Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության «Հայաստանում բրուցելոզի կանխարգելման, հայտնաբերման և վերահսկման համալիր մոտեցում» 5-ամյա ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի պրոֆեսորներ Անգելա Արեեսնասին և Քրստոֆեր Լեյնին:
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի աշխատանքներին աջակցելու հնարավորությունները:Պրոֆեսոր Անգելա Արեեսնասը ներկայացրել է ծրագրի երեք բաղադրիչները՝ տեղեկատվության տրամադրում, լաբորատոր կարողությունների զարգացում և սարքավորումների տրամադրում, որոնց շրջանակներում ակնկալում են համատեղ աշխատանքներ Տեսչական մարմնի և իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:
Տիգրան Պետրոսյանը կարևորել է արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը, նշել, որ Տեսչական մարմինը պատրաստ է աջակցել այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն բրուցելոզից ազատ երկիր ունենալուն:Ծրագրի շրջանակներում ակնկալվում է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների հետազոտություններ՝ հստակեցնելու համար բրուցելոզի կոնկրետ տեսակը և իրականացնել թիրախային վերահսկողություն:Այս գործընթացը կնպաստի կենդանիների մոտ բրուցելոզով վարակվելու ռիսկերի նվազեցմանը, ինչը մարդկանց առողջության պահպանման ու տնտեսական ծախսերի կրճատման համար կարևոր նշանակություն ունի: