ՀՀ-ում ՌԴ դեսպանը դատապարտում է հիտլերյան Գերմանիայի ագրեսիայի արդարացումը Հ1-ի եթերում
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սուրեն Ռաֆիկովիչ,
Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ, որը հանդիսավորությամբ նշեցինք անցած շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն ժողովրդական աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, սրտի կանչով այցելեցին զինվորական հուշարձաններ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքին մարտի դաշտում նահատակված 600 հազար հայերին, որոնցից 300 հազարը երբեք չվերադարձան տուն։
Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն վրդովմունք առաջացրին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պատմական առումով կեղծ և սրբապղծական հայտարարությունները, որոնք փաստացի արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան և հնչեցին այդ սուրբ օրը՝ երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում։ Հատկապես ցավալի էր նման խոսքեր լսել մի անձի շուրթերից, որը ներկայումս ղեկավարում է Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Հրամանատարաշտաբային ինստիտուտը՝ մի կառույց, որն իր անունն է կրում Հայրենական մեծ պատերազմի փառավոր զորահրամանատարի, Խորհրդային Միության կրկնակի հերոսի՝ մարշալ Բաղրամյանի։
Այսօր դժվար է նման քայլը այլ կերպ գնահատել, քան մեր հերոսական նախնիների հիշատակի պղծման փորձ, այն մարդկանց, ովքեր թույլ չտվեցին Հիտլերի՝ ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և բնաջնջելու պլանների իրականացումը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»»։