«Խորհրդարանի նման վարկաբեկված վիճակ երբևէ չեմ տեսել։ Տարբեր բաների ականատես եղել եմ քաղաքական կյանքում, բայց այս աստիճանի այլանդակություն... պարզապես բառեր չեն հերիքում բնութագրելու համար», — լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպին։
Ըստ Ռուստամյանի՝ նման վարքագիծն ու մթնոլորտը որևէ առնչություն չունեն իրական խորհրդարանական մշակույթի հետ։
«Իշխանությունները կարծես թե չեն գիտակցում՝ սա միայն ներքին հարց չէ։ Մարդիկ նաև դրսից են նայում, լսում, հետևում։ Եվ, անկեղծ ասած, ամենախայտառակ տպավորությունն են ստանում թե՛ այս խորհրդարանից, թե՛ իշխանություններից։ Եվ այս ամենի պատասխանատվությունը մնում է նրանց ուսերին»։
Ռուստամյանը համոզված է, որ նման միջադեպերը կանխելու փոխարեն իշխանությունները կամ անտեսում են դրանք, կամ էլ՝ փաստացի խրախուսում.
«Թվում է՝ ոչ միայն չեն փորձում սանձել իրավիճակը, այլ ինչ-որ հրահանգ ունեն՝ լարել մթնոլորտը։ Քանի որ ընտրությունները մոտենում են, հնարավոր է, ներսում մրցույթ է հայտարարված՝ ով կկարողանա ավելի հնչեղ ու ցինիկ հայհոյանք ասել»։
Պատգամավորի խոսքով՝ երեկվա նիստին Լևոն Քոչարյանի պահվածքը եղել է զուսպ ու չափավոր.
«Ինձ համար զարմանալի էր, թե որքան հսկողություն էր կարողացել դրսևորել։ Այն, ինչ իր հասցեին հնչեց, շատ քչերը կհամարձակվեին հանդուրժել։ Հասկանու՞մ եք՝ փոխխոսնակը իրեն թույլ է տալիս ամբողջ ԱԺ լսարանի առաջ հայհոյել մարդու ողջ տոհմը։ Սա աննախադեպ խայտառակություն է։ Ո՞վ է նման բան տեսել։ Սա ուղղակի անհանդուրժելի է»։
Ավարտելով խոսքը՝ Ռուստամյանը նկատեց, որ ինքն էլ կարող էր պատասխանել՝ հղում անելով մարդկանց և արտահայտվել նույն ոճով, բայց նման վարքագիծն արդեն պարզապես չի տեղավորվում քաղաքացիական ու պետական մտածողության սահմաններում։
«Այս խորհրդարանը գնում է դեպի լիակատար վարկաբեկում և լուծարում։ Եթե սա շարունակվի, ապա հանրության մոտ էլի ավելի խոր կդառնա քաղաքական համակարգի նկատմամբ հիասթափությունը»։