ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։
Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր: