Սրբուհի Գալյանը կարևորել է ատելության լեզվի դեմ պայքարում գործնական քայլերի իրականացումը
Լուսանկարը` moj.am
2024 թվականի ապրիլի 28-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ կազմակերպած աշխատաժողովում, որի նպատակն էր ամրապնդել պետական հաստատությունների և լրատվամիջոցների համագործակցությունը՝ հանրային տիրույթում ատելության լեզվի դեմ պայքարի շրջանակում։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության իրականացրած աշխատանքները՝ իրավահավասարության ապահովման, խտրականությունից պաշտպանության և ատելության լեզվի դեմ պայքարի ոլորտներում՝ ընդգծելով օրենսդրական և գործնական նախաձեռնությունները։ Նա խոսել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի, իրավապահ մարմինների և ոլորտային մասնագետների վերապատրաստման ծրագրերի և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցառումների մասին։
Նախարարը կարևորել է գործնական միջոցների կիրառումը՝ նշելով, որ այս պահին մշակման փուլում է խտրականությունից պաշտպանության համապարփակ ռազմավարական փաստաթուղթը, որը նպատակ ունի ներդնել նոր օրենսդրական և գործնական մեխանիզմներ:
Աշխատաժողովը հնարավորություն է տվել պետական մարմինների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաց երկխոսության միջոցով քննարկել ոլորտում առկա խնդիրները և համատեղ քայլերով նվազեցնել ատելության լեզվի դրսևորումները՝ կիրառելով եվրոպական լավագույն փորձը։