«Հրապարակ»-ին տված հարցազրույցում Գյումրու քաղաքապետի թեկնածու Նիկոլի Սարիկն ասում է, որ իր հիմնական մրցակիցը Վարդան Ղուկասյանն է։ Նույնիսկ որոշակի մտահոգություն է ցույց տալիս՝ ընդդիմադիր քաղաքացիներին ակնհայտորեն ուղղորդելով դեպի Վարդան Ղուկասյան։
Նույնը նաև նիկոլական քարոզչությունն է անում։ Տարատեսակ civic-ներով «հարցումներ» են դաշտ նետում՝ մարդկանց փորձելով համոզել, որ Նիկոլի Սարիկի հետ միայն Ղուկասյանը կարող է մրցել։
Ժողովրդական լեզվով ասած՝ ՔՊ-ն ակնհայտորեն «չաղացնում է» Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու։ Հարմար մրցակից են ընտրել, որի «չաղացնելուն» հետևող պրոցեսի նախապատրաստական աշխատանքները, վստահ եմ, արդեն ակտիվ տարվում են տարբեր կառույցների կաբինետներում։
Ղուկասյանին էլ, ակնհայտորեն դուր է գալիս դա։ Կանգնել և հայտարարում է. «Սարիկը լավ տղա է հոգեպես։ Ես իրան ճանաչում եմ էլի։ Գիտեմ, որոշակի գիտեմ՝ վատ տղա չէ։ Շատ շնորհքով, չափի մեջ, մեծ ու պզտիկ հարգող տղա է, դուրս գալիս է»։
Վարդան Ղուկասյանը, կարծես, աստվածավախ մարդ է։ Համենայն դեպս, այդպես է ինքն իրեն մատուցում հանրությանը՝ մշտապես աղոթող, Աստվածաշունչ սերտող, սրբերի վարք ուսումնասիրող…
Չգիտեմ ինչու, բայց երբ հետևում եմ Նիկոլի Սարիկ-Վարդան Ղուկասյան այս «սիրախաղին» (ներողություն, եթե սխալ բառ եմ օգտագործում), богомол-ներին եմ հիշում։ Այս միջատի հայերեն անունը չգիտեմ։ Բայց, վստահ եմ շատերը գիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում богомол-ի որցին՝ էքի հետ զույգվելուց հետո։
Թող ես սխալ լինեմ, բայց, վստահ եմ՝ Վարդան Ղուկասյանն ինձնից լավ գիտի, թե ինչով է սալարկված դժոխքի ճանապարհը։ Զգույշ է պետք լինել։ Շատ զգույշ։ Թե բա՝ Սարիկը լավ տղա է, շնորհքով, չափի մեջ…
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան