10.09.2026
Լուսանկար՝  past.am
prev Նախորդ նորություն

Անկարան թելադրում է պայմաններ․ Հայաստանի հետ կարգավորումը՝ «լավ վարքի խրախուսա՞նք»

Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ Անկարան հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ քայլերը կարագացնի, երբ Հայաստանը կատարի Սահմանադրություն փոխելու եւ Մինսկի խումբ լուծարելու վերաբերյալ Ադրբեջանի պայմանները:


Նկատենք, չի ասվում, թե կկարգավորի, այլ ասում է՝ կարագացնի քայլերը: Այսինքն, որոշակի ընդառաջ կգան, այլ ոչ թե կկարգավորեն: Այստեղ սակայն զարմանալի ոչինչ չկա, կամ զարմանալի բան կա միայն այն մարդկանց համար, որոնք կարծել են, թե հայ-թուրքական հարաբերության առումով Թուրքիային խանգարել է արցախյան խնդիրը կամ խանգարում է Ադրբեջանի քմահաճույքը:


Ավելին, կա մտայնություն, որ հնարավոր է այդ առումով «բաժանել» միմյանցից Անկարան ու Բաքուն:


Այն, որ Անկարան ու Բաքուն շատ ու շատ հարցերում ունեն տարբեր չափոումներ ու պատկերացումներ, կասկածից վեր է, ինքս էլ բազմիցս խոսել եմ այդ մասին: Այն, որ Երեւանն իհարկե կարող է փորձել հնարավորինս օգտագործել այդ հանգամանքը, եւս՝ պետք է բնականաբար դիտարկել որպես հնարավորություն եւ աշխատել: Բայց, պետք չէ աշխատել մտայնությամբ կամ նպատակով, թե հնարավոր է այնպես բաժանել նրանց, որ Անկարան հայ-թուրքական հարցում «մոռանա» Բաքվին:


Այդ հարցը «էթնիկ հիշողության» դաշտում չէ, այլ քաղաքական տրամաբանության: Անկարան ինքն է հայ-թուրքական հարցը «ենթակա» դարձրել հայ-ադրբեջանականին: Իսկ պատճառն այն է, որ այդպիսով Թուրքիան իջեցնում է Հայաստանի «ռանգը»: Երբ հարցը ենթակա չէ հայ-ադրբեջանականին, Հայաստանն իհարկե շարունակում է իր ռեսուրսներով, քաղաքական տրամաչափով պարզապես անհամեմատելի զիջել Թուրքիային, բայց միեւնույն է՝ հայ-թուրքական հարաբերության «անկախ» խնդիրը որոշակի դեմ-դիմաց է դնում Թուրքիան ու Հայաստանը:


Թուրքիայի համար դա ընդունելի հարաբերակցություն չէ: Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ, Էրդողանի համար ընդունելի չէ պատկերը, որ կար օրինակ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում, երբ Թուրքիան ոչ թե ուժային խաղացողների շարքում էր, այլ Հայաստանի հետ սեղանին նստած կողք-կողքի եւ ստորագրում էր արձանագրությունները, իսկ ուժային խաղացողների շարքը այդ միջոցառման «թիկունքին» էր:


Թուրքիան համարում է, որ իր տեղը Հայաստանի կողքին չէ, այլ հենց այն շարքում, որ 2009-ի հոկտեմբերին կանգնած էր արձանագրությունները ստորագրող Դավութողլուի եւ Նալբանդյանի թիկունքին:


Հայ-թուրքական հարաբերությունը պայմանավորելով հայ-ադրբեջանականի հետ, կապելով այդ գործընթացի հետ, Թուրքիան ըստ էության փոխում է այդ պատկերը, ներկայանալով որպես վերադաս, որը Հայաստանի հետ հարաբերության կարգավորումը կմատուցի Հայաստանին որպես «լավ վարքի խրախուսում»:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


 

Մասնակցության գինը․ ինչ են պահանջում Անկարան ու Բաքուն հակաիրանական աջակցման համար
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ