Նիկոլ Փաշինյանը քննարկել է նոր ներդրումային հնարավորությունները Emerson-NI-ի նախագահի հետ
Լուսանկարը` primeminister.am
Նիկոլ Փաշինյանը Ռիտու Ֆավրեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման առաջնահերթությունը և հետաքրքրություն հայտնել ընկերության կողմից նոր ծրագրերի իրականացման հանդեպ, որն ակտիվորեն համագործակցում է երկրի առաջատար համալսարանների հետ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը Հայաստանում: Վարչապետն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այդ առումով գործադիրը շահագրգիռ է ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նշվել է, որ Emerson-NI ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում: Այս առումով նա կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությունը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: