11.02.2025
Պապիկյանը հանդես է եկել ելույթով Հնդկաստանում անցկացվող ՊՆ կոնկլավին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ:


Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։


Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ է համարում Հայաստանի և Իրանի հարաբերությունների շարունակական զարգացումը՝ երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:


Համոզված եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ և հովանավորությամբ մեր երկրները կխորացնեն փոխգործակցությունը բոլոր ուղղություններով և կնախանշեն համագործակցության ընդլայնմանը միտված ռազմավարական նոր ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես երկու երկրների բարեկամության ամրապնդմանը, այնպես էլ տարածաշրջանի կայունությանն ու բնականոն զարգացմանը:


Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։


Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ:


Հայաստանի և Իրանի բարեկամությունը խարսխված է փոխվստահության, անկեղծության, հարգանքի և կառուցողական երկխոսության վրա, որոնք ամուր հիմք են հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար:


Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին կարողանալու ենք մեր երկու երկրների բարեկամական փոխգործակցությունը հասցնել որակական նոր մակարդակի՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»։

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»