Թրամփի վարչակազմը կրճատում է USAID աշխատակիցների թիվը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID)՝ ամբողջ աշխարհում ունեցած 10 000 աշխատակիցներից պահել միայն 294-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակից իրազեկ չորս աղբյուրի։
Հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալությունից հետո, USAID-ը հայտնվել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար նշանակված Իլոն Մասկի ուշադրության կենտրոնում։
Ըստ աղբյուրների՝ գործակալությունում աշխատանքը պահպանող 294 աշխատակիցներից միայն 12-ը կլինեն Աֆրիկայի բյուրոյում, 8-ը՝ Ասիայի բյուրոյում։USAID-ի ղեկավարներից Ջեյ Բրայան Էթվուդը սա անվանել է անընդունելի՝ հավելելով, որ աշխատակիցների հեռացումը «կսպանի գործակալությունը», որը տասնյակ միլիոնավոր մարդկանց օգնություն է ցուցաբերել ամբողջ աշխարհում։
«Բազմաթիվ մարդիկ ողջ չեն մնա», – ասել է Էթվուդը։ ԱՄՆ վարչակազմի նպատակն է ԱՄՆ ՄԶԳ-ը միավորել ԱՄՆ պետքարտուղարության հետ, որի ղեկավարն է Մարկո Ռուբիոն։
Թրամփը Ռուբիոյին արդեն նշանակել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար։ USAID-ի 10 000 աշխատակիցների երկու երրորդն, ըստ Կոնգրեսի հետազոտությունների կենտրոնի զեկույցի, աշխատում էր ԱՄՆ-ի սահմաններից դուրս։
2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է ավելի քան 40 միլիարդ դոլար՝ օգնություն տրամադրելով շուրջ 130 երկրի։
Ըստ զեկույցի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի օգնության հիմնական շահառուներն էին Ուկրաինան, Եթովպիան, Հորդանանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սոմալին, Եմենը և Աֆղանստանը։