Մխիթար Հայրապետյանն այցելել է Armenian Code Academy
Փետրվարի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Armenian Code Academy (ACA), որը տեխնոլոգիական կրթության ոլորտում առաջատար կենտրոններից է՝ առաջարկելով տարբեր ծրագրեր և դասընթացներ։
Ակադեմիայի հիմնադիր Նարեկ Ասլիկյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել լսարաններում, ծանոթացել ընթացիկ կրթական ծրագրերին և դրանց ուղղություններին։ Նարեկ Ասլիկյանը ներկայացրել է ակադեմիայի գործունեության մանրամասները՝ շուկայի վերլուծությունից մինչև կրթական ծրագրերի մշակման մեխանիզմներ՝ ընդգծելով, որ դրանք կազմվում են աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան՝ լուրջ հետազոտությունների հիման վրա։
Նախարարը կարևորել է տեխնոլոգիական ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստումը և նշել ACA-ի հետ նախարարության ունեցած արդյունավետ համագործակցությունը «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված ACA-ի տեսլականը, պետական քաղաքականության առաջնահերթությունները, տեխնոլոգիական ոլորտի զարգացման 7-ամյա ծրագրի հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով հիմնարար առաջընթաց ապահովելու հնարավորությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվել նոր օրենքի որոշ դրույթներին, որոնք ACA-ի գործունեության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն։ Նարեկ Ասլիկյանը բարձր է գնահատել նոր կարգավորումները, մասնավորապես՝ եկամտային հարկի 60%-ի չափով աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին ոլորտ նոր մուտք գործող աշխատակիցների համար, որը կարևոր է տեխնոլոգիական ոլորտի մասնագետների խրախուսման տեսանկյունից։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները օրենքի կիրարկման շրջանակում:
Քննարկվել են նաև արդեն իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը և հետագա համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ մարզերում համատեղ պիլոտային ծրագրերի իրականացումը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանը։
Armenian Code Academy-ն տեխնոլոգիական կրթության առաջատար կենտրոն է, որի նպատակն է պատրաստել ու վերապատրաստել ՏՏ ոլորտի ապագա և գործող մասնագետներին՝ օգնելով լրացնել աշխատաշուկայում առկա պահանջարկը։