ՔՊ-ի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են
ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի` ավտորիտար պետություններին լիակատար բնորոշ պահվածքով:
Համոզված եմ` այս հիմքով, պետության համար ցավոք, ավելի հիմնավոր խախտումներ են արձանագրվելու առաջիկայում», - նշել է նա:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել՝ գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում:
Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել։