18.12.2024
Բլինքենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ. Ալիև

Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են: Այդ մասին ՎԳՏՐԿ-ին և "ՌԻԱ Նովոստի"-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


"Եթե կարճ՝ պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն է հայտնվում որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա", — ասել է Ալիևը։


Նախագահը տեղեկատվական լցոնումներ է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունները, քանի որ այսօր գրեթե անհնար է թաքցնել ոչ մի ռազմաբազա աշխարհի ոչ մի կետում: Ալիևի խոսքով ՝ այդ տեղեկատվությունը քաղաքական շահարկումների բնույթ է կրում։


Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում, հիշեցրել է նա։


"Դա թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի ։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը", - պարզաբանել է նախագահը։


Ալիևը նշել է, որ երկրների ռազմական համագործակցության ավելի քան 30 տարիների ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշների բերելու գործում: Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է "ռազմական գործողությունների օպերատիվության բարձր աստիճանի":


"Մենք շատ շնորհակալ ենք մեր թուրք բարեկամներին նման աջակցության համար", — եզրափակել է նախագահը: