7.12.2024
Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը: Այսինքն՝ մի քանի հոգով վճռում են ժողովրդից մանդատ ստացածների ճակատագիրը, մինչդեռ պառլամենտական կառավարման համակարգում առաջնային դերակատարումը հենց օրենսդիր մարմնինն է, ու իշխանական պատգամավորների վերաբերյալ վարույթներն էլ պետք է քննի ոչ թե վարչությունը, այլ հենց պատգամավորական խմբակցությունը, հատկապես որ խորհրդարանական գործունեության ընթացքում են այդ պատգամավորներն «անհարգալից պահվածք, էթիկայի խախտում դրսեւորում»։ Որոշ տեղեկություններով, ՔՊ խմբակցության առաջիկա նիստում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է բարձրաձայնեն այս հարցը եւ փորձեն այն վարչության տիրույթից տեղափոխել խմբակցության դաշտ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում նա կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025 թվականի համար նախատեսված բյուջեի նախագիծը: Արարատ Միրզոյանը խոսելու է նաեւ նախարարության կատարած աշխատանքի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին: Խորհրդարան կգնան նաեւ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու: Ուրբաթ օրը եւս բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն: Այդ օրն էլ խորհրդարան կգնան Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Բյուջեի նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ սեպտեմբերին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»:


«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են: Ինչպես արդարադատության նախարարի համապատասխան թեկնածու չէին կարողանում գտնել, այնպես էլ ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել եւ ներկայացնել ԱԺ ընտրությանը։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախկին ղեկավար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 10-ին ազատվել է պաշտոնից, պատճառը ՀԷՑ-ն էր, ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների ծրագրերը` փայ ստանալու, եւ կասկածները, որ Բաղրամյանը ՀԷՑ-ի սեփականատերերի ու տնօրինության հետ սերտ կապեր ունի, նրանց շահերն է պաշտպանում։


Մեզ ասացին, որ ՀԾԿՀ նախագահի մի քանի անուն է շրջանառվում, սակայն դեռ վերջնական որոշում չկա: Մասնավորապես, խոսքն էներգետիկ ոլորտի հնաբնակներից Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը 2020-2021թթ․՝ կարճ ժամանակ զբաղեցրեց նաեւ Կոտայքի մարզպետի պաշտոնը, դրանից առաջ ՀԾԿՀ անդամ էր, հրաժարական ներկայացրեց 2020 թվականի նոյեմբերի 15-ին: Մյուս թեկնածուն Հովհաննես Նալբանդյանն է` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականը: Նա որոշ ժամանակ առաջ ցանկանում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց ՔՊ թիմն ընդդիմացավ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն ճնշումների միջոցով ստիպեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին հրաժարական տալ ու հեռանալ նոր ընտրված պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնը թափուր է մնում։ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի պատճառը ՀԷՑ-ի հետ է կապված, մասնավորապես այն միտումի, որով ՔՊ-ն ուզում է ՀԷՑ-ը խլել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից։ ՔՊ-ական պատգամավորները նախ Գարեգին Բաղրամյանին ԱԺ կանչեցին՝ Էլեկտրական էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները քննարկելու, նրան մեղադրեցին ոլորտի տապալման համար, այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում նման բովանդակությամբ քննարկում կազմակերպեց։ Ակնհայտ էր, որ իշխանությունների այս նախաձեռնությունները միտված էին ոչ թե խնդիրներին լուծում գտնելուն, այլ ՔՊ-ն նպատակ ուներ լսումների ընթացքում ամեն գնով ցույց տալու, թե ինչքան վատ է աշխատում ՀԷՑ-ը, որպեսզի այս պատրվակով խլեն այն Սամվել Կարապետյանի ձեռքից։


Ահա ճնշումների արդյունքում տարբեր պաշտոնյաներ հրաժարական տվեցին. հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել նաեւ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, եւ ՔՊ-ն մինչ օրս փոխարինող չի գտել Ազգային ժողով ուղարկելու համար, որ թեկնածուն ընտրվի, նշանակվի այդ պաշտոնում: Փաստացի, ներանձնային քմահաճույքներին հագուրդ տալու համար ՔՊ-ն այս կարեւոր ու մի շարք խնդիրներով լի ոլորտը բարձիթողի վիճակում է պահում՝ առանց ղեկավարի»:


«Հրապարակը» գրում է․ Երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Քննչական կոմիտեին հատկացվող բյուջեի նախագիծն էր քննարկվում, եւ նիստին ներկա էր նաեւ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին, ըստ լուրերի, մի որոշ ժամանակ առաջ ՔՊ-ում պատրաստ էին բզկտել, քանի որ նախ արհամարհում էր պառլամենտը` որպես ինստիտուտ, եւ մերժում ֆրակցիայի հրավերները` ԱԺ գալու եւ ինչ-որ հարցեր փակ ֆորմատով քննարկելու: Իսկ հատկապես խորհրդարանական վերջին լսումներից հետո, երբ Քյարամյանն ակնհայտ անհարգալից, անվայելուչ պահվածք դրսեւորեց խորհրդարանում, որոշ իշխանական պատգամավորներ հրապարակային հայտարարեցին, որ դա չպետք է անհետեւանք մնա, ու ՔՊ-ում սպասում էին, որ Քյարամյանը պետք է լքի պաշտոնը կամ որեւէ խիստ պատժի արժանանա։


Սակայն Քյարամյան-ՔՊ-ականներ շփումից պարզ դարձավ, որ անհիմն չեն այն խոսակցությունները, որ նա վայելում է վարչապետի եւ նրա կնոջ հովանավորչությունը, եւ նրանք չեն պատրաստվում ազատվել Քյարամյանից։ ՔՊ-ական տիկնայք երեկ այնպիսի զգուշավորությամբ ու հարգալից տոնով էին հարցեր տալիս ՔԿ նախագահին, հարց ու պատասխանի վերջում շնորհակալություն հայտնում, ընթացքում գլխով հավանություն տալիս Քյարամյանի ասածներին, որ կարելի էր կարծել, թե նա ոչ թե վիրավորել, այլ օրհնել է իրենց գործընկերոջը. Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Էդգար Հակոբյանը` Քյարամյանին հարցեր տվող այս պատգամավորներից եւ ոչ մեկը նրան չհիշեցրեց նրա անվայելուչ պահվածքի եւ խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ: Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը: Մենք ամիսներ առաջ էինք գրել այդ մասին: Թեպետ ամիսներ շարունակ լիազոր մարմինը, համալսարանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը հերքում էին մասնաշենքի հանձնման մասին լուրերը, բայց դրանք, ահավասիկ, իրականություն են դառնում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը եւ քննչական կոմիտեն գլխիվայր շուռ տված քրեական գործը մնացել է միայն Հովիկ Աղազարյանի որդու ուսերին։ ՔԿ ղեկավարի սկանդալային հայտարարությունից հետո խաղաքարտեր են բացվում, որոնք թիրախավորում են կոնկրետ մարդկանց։ Այսպիսով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել։ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:


Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումար՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ իր ընկերության անունով, վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձի ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց: Տ.Հ.-ն Տիգրան Հովհաննիսյանն է, ով անցել է այս դեպքի վարույթով, սակայն նրա գործը կարճվել է, իսկ թիրախում մնացել է Հովիկ Աղազարյանի որդին։


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը պատմել է, թե քրեական գործն ինչ փուլում է։ ««Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյան. ավտոմեքենաների ներկրման ու ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված գործընթացում ենթադրաբար պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դեռեւս 2023 թվականին կալանավորվել էի, ինձ մեղադրանք էր ներկայացվել խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դեռեւս 2024 թ. հունիս ամսին դադարեցվել էր, նախաքննական մարմինը գտել էր, որ իմ արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, այսինքն՝ հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել էր, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել»:


Տիգրան Հովհաննիսյանը փոխանցեց նաեւ, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնց հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան: Հովիկ Աղազարյանի ու քննչական կոմիտեի նախագահի միջեւ քննարկված թեման իր հետ բացարձակ կապ չունի, ոչ էլ կարող է կապ ունենալ, քանի որ իր գործը վաղուց է ավարտվել: Հովիկ Աղազարյանի որդին նույնպես զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ եւ իր հետ ո՛չ առնչություն է ունեցել, ո՛չ համագործակցել է, եւ նրա հետ կապված քրեական գործը, որքանով որ ինքը տեղյակ է, դեռ քննության փուլում է: Ստացվում է, որ ավտոներկրողների գործերից որոշ գործեր կարճված են, եւ Հովիկ Աղազարյանի որդին թիրախում մնացած միակ անձն է այսօրվա դրությամբ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կապեր է օգտագործել, ապօրինություններ արել, դրա համար գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենաներն էլ արգելանքի տակ են»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երրորդ ուժի» հարթակ՝ դռների հետևում: Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Ի մասնավորի, «Էլիտ պլազա» բիզնես կոնտրոնում գաղտնիության պայմաններում, «փակ դռների» հետևում, առանց լրատվամիջոցների կայացել է հավաք՝ մասնակցությամբ մի քանի հայաստանյան կուսակցությունների և տասնյակ հասարակական կազմակերպությունների: Հավաքի ժամանակ հայտարարվել է «Երրորդ ուժի» հարթակի ստեղծման մասին: Մեր ունեցած տեղեկություններով, մոտ երեք ժամ տևած միջոցառմանը մասնակցել է շուրջ 600 մարդ: Ներկա են եղել հեղինակություն վայելող բազմաթիվ անձինք ոչ միայն Հայաստանից, այլև հայազգի տարբեր գործիչներ նաև արտերկրներից՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական բուռն քննարկումներ են տեղի ունեցել, հնչել են ուշագրավ կարծիքներ, հստակեցվել և ընդունվել է հարթակի «ճանապարհային քարտեզը»:


Ի դեպ, հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացրել էինք, դեռևս մարտի կեսերին Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը հայտարարել էր ուժեղ քաղաքական բևեռ ձևավորելու մասին` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք։ Դրանից հետո շարժումը մի քանի այլ մարդաշատ միջոցառումներ էր կազմակերպել նույն տրամաբանության շրջանակներում: Թե որքանով կապ ունեն նշյալ հավաքները, ճշտել չհաջողվեց: Մեր աղբյուրը նշեց, որ չի կարող ավելին գաղտնազերծել:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ինքնին բավական ուշագրավ վերլուծությունների տեղիք է տալիս ոչ միայն ընդհանուր առմամբ վճարված հարկերի, ընկերությունների՝ այդ ցուցակում տեղաշարժի, այլև այն առումով, թե որ ոլորտում ինչպիսի իրավիճակ է: Այս անգամ ՊԵԿ-ի հրապարակած 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում ուսումնասիրել ենք սննդամթերքի արտադրության «դաշտը»։ Հրապարակված տվյալների համաձայն, սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 30 մլրդ դրամի հարկ (դասակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա)։ Հետաքրքիր է, որ նշված գումարի գրեթե 50 %-ը բաժին է ընկնում երեք կազմակերպության՝ «Գրանդ Քենդի», «Աթենք» և «Բաղրամյան»:


Ի մասնավորի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը վճարել է 6,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 21 %-ը: Այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 30-րդն է: Հաջորդը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունն է, որը վճարել է 5,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18 %-ը: Ի դեպ, «Աթենքը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 24 հորիզոնականով և 1000 խոշոր հարկատուների ցանկում 38-րդն է: Վերջապես լավագույն եռյակը եզրափակում է ալյուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը, որը վճարել է 2,8 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9 %-ը։ Այս կազմակերպությունը ցանկում 85-րդն է: Հավելենք, որ սննդամթերքի արտադրության ոլորտում միայն նշյալ երեք ընկերություններն են լավագույն հարյուրյակի մեջ:


Ներկայացնենք նաև այս ոլորտի առաջատար տասնյակի մյուս ընկերությունները. «Դուստր Մարիաննա» (115-րդ տեղ), «Մարտին սթար» (164-րդ տեղ), «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ (202-րդ տեղ), «Բեկոն պրոդուկտ» (282րդ տեղ), Երևանի շոկոլադի գործարան (361-րդ տեղ), «Կաֆե Դյու Բրազիլ» (410-րդ տեղ) և «Արտաշատի պահածոների գործարան» (421-րդ տեղ):