7.12.2024
ԿԸՀ-ին տրվող գումարը 50% պակաս կլինի
prev Նախորդ նորություն

Որքա՞ն գումար է բյուջեով հատկացվելու պետական ապարատի ծախսերի համար

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացվելու է 24 մլրդ 365 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա ֆինանսական միջոցներից քիչ է 632 մլն դրամով: Ընթացիկ ծախսերի համար նախատեսված է հատկացնել 20 մլրդ դրամ, որը 4 տոկոսով քիչ է ընթացիկ տարվա հատկացումներից: Կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 մլրդ 180 մլն դրամ, որը 6 տոկոսով ավելի է այս տարվա գումարից:


ՀՀ նախագահի աշխատակազմին կհատկացվի 1 մլրդ 658 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից պակաս է 6.4 տոկոսով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 մլրդ 617 մլն դրամ, կապիտալ ծախսերը՝ 41 մլն դրամ:


Ազգային ժողովին նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 72 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հաստատված բյուջեից պակաս է 2.6 տոկոսով կամ 191 մլն դրամով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 6 մլրդ 815 մլն դրամ, որն ընթացիկ տարվա ծախսից պակաս կլինի 1.2 տոկոսով: Կապիտալ ծախսերը կկազմեն 257 մլն դրամ, որը 30 տոկոսով պակաս կլինի 2024 թվականի հատկացումից:


Սահմանադրական դատարանին նախատեսվում է հատկացնել 870 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 26 մլն դրամով: Ընթացիկ ծախսերն այս տարվա բյուջեից ավելի կլինեն 33 մլն դրամով, իսկ կապիտալ ծախսերի համար կօգտագործվի 1.5 մլն դրամ:


Բարձրագույն դատական խորհրդին կհատկացվի 17 մլրդ 329 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից պակաս կլինի 1.8 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերը քիչ կլինեն 6.7 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 58 տոկոսով:


ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացվի 23.8 մլրդ դրամ, ինչը 624 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Ընթացիկ ծախսերը կավելանան 43 մլն դրամով, կապիտալ ծախսերը կկազմեն 1 մլրդ 42 մլն դրամ:


ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 9 մլրդ 926 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից պակաս է 127 մլն դրամով: Ընթացիկ ծախսերի համար կօգտագործվի 1.8 տոկոսով պակաս գումար, կապիտալ ծախսերի համար կօգտագործվի 49 մլն դրամ:


Պետական վերահսկողական ծառայությանը նախատեսվում է հատկացնել 934 մլն դրամ, որը 22 մլն դրամով պակաս է 2024 թվականի հատկացումից: Ընթացիկ ծախսերը կնվազեն 3.9 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերի համար կծախսվի 19 մլն դրամ:


ՀՀ քննչական կոմիտեն կստանա 18 մլրդ 986 մլն դրամ, ինչը 8.7 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Ընթացիկ ծախսերի համար կօգտագործվի 4.6 տոկոսով ավելի գումար, իսկ կապիտալ ծախսերի համար ավելի կօգտագործվի 732 մլն դրամ եւ կկազմի 990 մլն դրամ:


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կհատկացվի 3 մլրդ 463 մլն դրամ, որը 2024 թվականի հատկացումից պակաս կլինի 6.3 տոկոսով կամ 231 մլն դրամով: Ընթացիկ ծախսերի համար կօգտագործվի 3 մլրդ 428 մլն դրամ, կապիտալ ծախսերի համար՝ 35 մլն դրամ:


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կհատկացվի 405 մլն դրամ, որը 2024 թվականի բյուջեից պակաս է 1.7 տոկոսով կամ 7 մլն դրամով: Ամբողջ գումարը կօգտագործվի ընթացիկ ծախսերի համար:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 492 մլն դրամ, որը 50 տոկոսով ավելի փոքր կլինի 2024 թվականի հատկացումներից:


Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: