Սահմանազատման գործընթացում կօգտագործվեն ոչ միայն ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ի քարտեզները․ Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակ քարտեզները չեն, որ կօգտագործվեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նշեց, որ Գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ, 1979 թվականին անցել են հերթապահություն, այլ կերպ ասած՝ մտել են ուժի մեջ: «Բայց այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխաններն այդ քարտեզներում չկան»,-ասաց փոխվարչապետը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի քննարկման ժամանակ, անդրադառնալով պատգամավորների հարցերին, փոխվարչապետը հայտնել էր, որ 1976 թվականի քարտեզը վերաբերելի է միայն Տավուշի հատվածին, Սյունիքինը 78 թվականինն է: