23.11.2024
Դատարանը երկարաձգել է Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
prev Նախորդ նորություն

Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ վերականգնելու պետությանը պատճառված վնասները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: 


Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության դատախազները: 


Գևորգ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել կոռուպցիոն բնույթի, պետական իշխանության, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը: 


Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 20, պետական իշխանության դեմ ուղղված 23 և տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ, որոնցով քննության ներկա փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 600 միլիոն դրամ: 


Աննա Վարդապետյանը հանձնարարել է պարբերաբար պահանջել վերոնշյալ հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթները, տալ հանձնարարություններ, կիրառել հնարավոր բոլոր դատախազական ներգործության միջոցները՝ քրեական վարույթների պատշաճ և համակողմանի նախաքննությունն ապահովելու, պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: 


Հանրապետության գլխավոր դատախազին է զեկուցվել մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու վերաբերյալ մի շարք քրեական վարույթների ընթացքը: 


Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազի ուղեկցությամբ շրջայց է կատարել Մարզի դատախազության վերանորոգված շենքում, ծանոթացել դատախազների աշխատանքային պայմաններին: