10.11.2024
ՍԴ-ն ասում է` տեղի է ունեցել խղվածք Հռչակագրի և Սահմանադրության միջև (հարցազրույց)
prev Նախորդ նորություն

Է՞լ ովքեր են «հերթում». ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը հասած քպական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է նաև այլ պաշտոնյաների, ի մասնավորի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ քպական մեր աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ, պետք է լիարժեք վստահելի մարդ լինի այս կառույցի ղեկավարը: Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն: Այլ աղբյուրներ փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի՝ կուսակցությունում և ուժային կառույցներում իր դիրքերն առավել ամրապնդելու ջանքերի ճանապարհին «հերթի մեջ» է նաև ՆԳ նախարարը:


«Հրապարակը» գրում է․ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդարադատության նախարարի հավակնորդ Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է, ասում են՝ նրա գլխավոր մրցակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից եւ իրեն առաջադրել ցանկացող Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու` չի ուզում լքել խորհրդարանը: Այնպես որ, թեկնածուները մնացել են Արփի Դավոյանը, որի կարծիքով՝ ինքը վայելում է ՔՊ վարչության մեծամասնության քվեն, եւ Արուսյակ Ջուլհակյանը, որին եւս համոզել են, որ համաձայնի իր թեկնածության առաջադրմանը։ Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել` Վահե Ստեփանյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Մարատ Ալեքսանյան նախարարներից հետո ՔՊ-ական այս կանայք:


Գրել էինք, որ նախորդ նիստին Վահագն Ալեքսանյանն Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունն էր առաջադրել, բայց, ՔՊ-ականների ասելով, Արուսյակը խանդավառված չէ գործադիր տեղափոխվելու հեռանկարից։ Ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին, եթե, իհարկե, Փաշինյանը վերադառնա Մոսկվայից եւ վարչության նիստ անցկացնի: Բնականաբար, Փաշինյանն էլ խանդավառված չէ Արփի Դավոյանի թեկնածությամբ, եւ հնարավոր է վարչությունը որոշի, որ փակ քվեարկությամբ մերժելու են նրան։ Վերնախավի տրամադրություններին հակառակ, Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը։ Ոլորտ, որի ղեկավարի տակ հիմնավոր փորեց, հասավ նրա պաշտոնանկությանը եւ հիմա պատրաստվում է նրա տեղը նստել:


«Հրապարակը» գրում է․ Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Մինչ Հայաստանը հապշտապ վավերացնում է այն, եւ, կարելի է ասել՝ մեկ քայլ է մնացել, որ այն բոլոր ատյաններում հաստատվի, Ադրբեջանում այս հարցի հետ կապված անորոշություն է։ Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը, հայտնի էլ չէ՝ Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։ ՀՀ ԱԺ-ում նախագծի զեկուցող է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաեւ հանձնաժողովի հայաստանյան կողմի ղեկավարն է։ Հիշեցնենք․ ՍԴ-ում էլ մեծ արագությամբ քննվեց նախագիծը, եւ բարձր դատարանի դատավորները երեք օրում ներկայացրին որոշում, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է այն օրակարգ մտնելու։


«Հրապարակը» գրում է․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում են փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ սահմանել, որ մի շարք սահմանադրական եւ ոչ սահմանադրական մարմինների ղեկավարներ եւս հաշվետու լինեն խորհրդարանին։ Գործող կարգավորմամբ, գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ԿԲ, Հաշվեքննիչ պալատի, ՀՌՀ ղեկավարները պարտավոր են տարեկան հաղորդումներ ներկայացնել ԱԺ-ին, որը քննարկվում է լիագումար նիստի ընթացքում եւ ընդունվում ի գիտություն։  «Վերոնշյալ կարգավորումներից դուրս են մնում մի շարք սահմանադրական մարմիններ, ինչպիսիք են Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Բացի այդ, կան պետական մարմիններ, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, սակայն գործ են ունենում հասարակության լայն շերտերի հետ, ուստի անհրաժեշտ է ԱԺ-ին տարեկան հաղորդում ներկայացնելու պահանջ սահմանել ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմինների համար»: Հեղինակների կարծիքով՝ այս փոփոխությամբ կբարձրանա ԱԺ-ի դերը։ Սույն փոփոխությունը նաեւ նախապատմություն ունի. մեր տեղեկություններով՝ ԱԺ մեծամասնությունը մի քանի անգամ փորձել է ԱԺ հրավիրել քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, ԱԱԾ-ի ղեկավարներին, որոնք ուղղակի հրաժարվել են ներկայանալ: Այս փոփոխությամբ, պարտավոր կլինեն գոնե տարեկան մեկ անգամ պատասխանել ՔՊ-ական պատգամավորների հարցերին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի շատ դրույթների խախտումով վերջապես ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից հայտնեցին, որ զեկույցը հիմա վերջնական ամփոփման փուլում է, սպասում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներին, եթե իհարկե, այդպիսիք լինեն։ ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում՝ զեկույցի քննարկման ընթացքում, հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:


Արդեն այս ամիս՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է նամակով դիմի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որպեսզի վերջինս դռնփակ նիստ նախաձեռնի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետեւյալ կարգով. նախ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել։


Սրան հաջորդում է մտքերի փոխանակություն, այնուհետեւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը: Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում:


Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի փետրվարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները. 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Եվ նպատակը ի սկզբանե պարզ էր՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր մեղքերից ու մեղադրանքներից՝ սլաքները ուղղելով տարբեր, այդ թվում եւ առերեւույթ «5-րդ շարասյան» կողմ»։


«Իրավունք» թերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Իտալիայում գտնվելու օրերին Ավինյանը համառ ջանքեր է գործադրել հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպում կազմակերպելու համար: Պաշտոնական խողովակներով բան չի ստացվել: Ավինյանը, ըստ աղբյուրի, չի հուսահատվել, փորձել է Հենրիխին մտերիմ մարդկանց մեջ գցել: Սակայն բոլոր փորձերը ձախողվել են: Աղբյուրը հայտնում է, որ Հենրիխից եկել է պարզ եւ հասկանալի արձագանք՝ հայաստանյան ներկա իշխանավորների հետ եւ ոչ մի հանդիպում՝ «Կարող եք փոխանցել բոլորին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազության եւ երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու միջեւ պայքարը չի դադարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը մերժել է հայտնի երգչի որդու՝ Հրաչյա Ղեւոնդյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով։ Ասել է թե՝ Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով։ Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորման հարցը հասել էր Վճռաբեկ դատարան:


ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Գլխավոր դատախազությունը դիմել էր վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ասել է թե՝ ՀՀ բոլոր դատական ատյանները՝ առաջին ատյանը, ՀՀ վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները, մերժել էին հայտնի երգչի որդուն կալանավորելու միջնորդություններն ու բողոքները։ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Հրաչյա Ղեւոնդյանին, սակայն փորձերն անցան ապարդյուն։ Դատարանները կալանքի չտարան, սակայն քրեական հետապնդումը դադարեցնելը մերժվեց:


Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնել, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»: Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթել իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը: Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քննչական կոմիտեն ջանքեր կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. նման պայմանավորվածություն եղել է»։ Բայց իրականում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն։ Զոհերի հարազատները այս ընթացքում բազմիցս բողոքի ակցիաներ են արել, հավաքվել են եւ Աժ-ի եւ Կառավարության դիմաց եւ նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որեւէ արդյունք չկա․ ունեցել են մի քանի հանդիպում ՔԿ-ում, դատախազությունում, սակայն անարդյունք։


Միաժամանակ, բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը, ցավոք, քիչ չէ։ Համաձայն դատախազության՝ News.am-ի հարցման պատասխանի, 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ եւ ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ 2022-ին գրանցվել է 64 դեպք, սակայն ոչ թե 7 ամիսներին, այլ՝ 12։ Նույն թվականին եւս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետեւանքով։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք։


19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ բռնկվեց, որի հետեւանքով զոհվեց 15 զինծառայող։ Քննությունն այն մասով է, թե ինչպես պատահեց հրդեհը, ով բենզինը բերեց, ով լցրեց եւ այլն, սակայն պատշաճ բացատրություն չտրվեց, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը զինվորներին պահում խրճիթային պայմաններում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել։ Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը սեպտեմբերի 20-ին վարչական դատարան հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ պահանջելով անվավեր ճանաչել կարգադրությունը։ Նշենք, որ տեսչական մարմնի գործառույթն է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության եւ սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի, ներառյալ` աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը եւ ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։ Դատելով իրավիճակից՝ «Աթենք» ՍՊԸ-ում կանոնների խախտում է եղել, եւ տեսչական մարմինը կարգադրություն է իջեցրել, ինչի հետ ՍՊԸ-ն համաձայն չէ։ Մեր հետաքննությունը կշարունակենք հասկանալու համար, թե ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը «Աթենք» ՍՊԸ-ում»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 2-ին Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայկական էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով, «Դվինում» կայացել են հայտնի գործարար, «Ստինկոմ» ընկերության հիմնադիր և «Երևան պլազայի» համասեփականատեր Գենադի Ստեփանյանի զավակի հարսանիքն ու Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի և Մոսկվայի երկրամասում լիազոր ներկայացուցիչ, գործարար Արտյոմ Վարդանյանի հայրիկի 70-ամյակը։ «Դվինի» մեծ սրահում եղել է ծննդյան արարողությունը, փոքրում՝ հարսանիքը, որին մասնակցել են բազմաթիվ գործարարներ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը և այլն։ Արտյոմ Վարդանյանի հայրը պարգևներ է ստացել Ռուսաստանի ամենաբարձր շրջանակներից, այդ թվում՝ նախագահի աշխատակազմից։ Ասում են՝ հյուրերից շատերը երկու արարողությանն էլ հրավիրված են եղել, նույնիսկ հասցրել են մասնակցել։ Արարողություններն աչքի են ընկել ճոխությամբ, շքեղ երաժշտական կատարումներով, արտերկրից ժամանած աստղերի մասնակցությամբ։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ խաչակիրների ազատագրական շարժում» հասարակական շարժման ղեկավար Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ Մոսկվայի հայկական «Տապան» թանգարանում բացվել է հայկական կերպարվեստի պատմության ցուցահանդեսը, որը կտևի կես տարի: Կազմակերպչի խոսքով, նախագծի ստեղծման համար պահանջվել է 30 տարվա մանրակրկիտ և հետևողական աշխատանք՝ տարբեր ազգերի հետազոտողների, պատմաբանների, վերականգնողների և նկարիչների խմբի կողմից: Ցուցահանդեսի հիմնական ուղերձն է՝ դիմել անցյալի մեծ օրինակներին, որոնք պետք է ոգեշնչեն հայ ժողովրդի ներկա և ապագա սերունդներին: Խոսքը վերաբերում է Հայաստանի թագավորներին, որոնք մարմնավորում են հայ ժողովրդի պատմական ուղին:


«Հնագույն ժամանակներից մինչև 14-րդ դարում հայկական պետականության անկումը երկիրը կառավարել է 6 թագավորական դինաստիա: Տարբեր ժամանակներում հայկական կառավարիչները կրել են տարբեր տիտղոսներ՝ «Արքայից արքայից» մինչև «սատրապներ»: Ցավոք, պահպանվել են միայն նրանցից մի քանիսի դիմանկարները: Բացի այդ, չեն պահպանվել Ամենայն հայոց կաթողիկոսների դիմանկարները: Իմ պարտքն եմ համարում պահպանել ժողովրդի առաջնորդների հիշատակը, նրանց կյանքի ուղին, քաղաքական և մշակութային ժառանգությունը», - հիշեցրել է Արթուր Ասատրյանը:


Նրա խոսքով, հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր խաղացած պետական գործիչների դիմանկարների վերականգնման գաղափարը առաջացել է 1990-ականներին, երբ հետխորհրդային երկրներում սկսեցին տարածվել վիճահարույց արժեքներ: Նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ աճող սերունդը կտրվի իր արմատներից և մոռանա հայոց պատմության նշանավոր գործիչների անուններն ու դեմքերը: Հենց այս նպատակով էլ մեկնարկել է այս նախագիծը՝ ստեղծել հայ ժողովրդի հերոսական անցյալի իսկական հուշարձան: Վերջին 30 տարվա ընթացքում կատարվել է մեծ հետազոտական աշխատանք, ուսումնասիրվել են բազմաթիվ երկրների արխիվների փաստաթղթեր՝ Վատիկանից մինչև Երևան: Այս տվյալների հիման վրա այսօր վերականգնվել են 50 թագավորի և 132 կաթողիկոսի դիմանկարները: Ստեղծվել է 109 մեծ կտավ, որոնց վրա պատկերված են հայոց պատմության կարևոր իրադարձությունները:


«Այս ամբողջ հավաքածուի հանգրվանը պետք է դառնա նոր թանգարանային համալիրը Էջմիածին քաղաքում: Բայց ինձ համար խորհրդանշական է, որ «Վերածնունդ» առաջին լիարժեք ցուցահանդեսը տեղի է ունենում «Տապան» թանգարանում, Հայ առաքելական եկեղեցու պատերի ներսում, որը դարերով պահպանել է հայ ժողովրդի ինքնությունն ու հավատը», -«Փաստ»-ի հետ զրույցում նշել է Արթուր Ասատրյանը:


«Հրապարակը» գրում է․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Խնդրո առարկան «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնադրամների տարեկան աուդիտի մրցույթն է: Ագրարային համալսարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է 2 ընկերություն՝ «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիսը» եւ «Փըրֆեքթ աուդիտը»: Եվ, կասկածելիորեն, հաղթող է ճանաչվել «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերությունը, որն ավելի բարձր գնային առաջարկ է ներկայացրել։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատն Ագրարային համալսարանում աուդիտ իրականացնելու ժամանակ դադարեցրել է «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերության անդամակցությունը պալատին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պոզով-պոչով կոռուպցիան ՀՀ Ազգային ժողովում բույն է դրել ու զարգանում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ԱԺ «Ամառային դպրոցի» շրջանակում նախապես պլանավորել են խարույկի շուրջ զրույց կազմակերպել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ աշակերտների միջեւ: Պետբյուջեի միջոցներից վարձակալել են պուֆեր (փափկաթոռներ) եւ այլ պարագաներ, սակայն միջոցառումը չի կայացել. իսկ «Ամառային դպրոցի» կազմակերպումը ԱԺ աշխատակազմի ղեկավարը վստահել է Երեւանի քաղաքապետարանին ավտոմեքենայի մաս վաճառած ընկերությանը։


«Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «Լոռե թրավել» ՍՊԸ-ի հետ, որն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ։ Նկատենք՝ «Լոռե թրավել» ՍՊԸ-ն, կարծես թե, իշխանության սիրելի մատակարարներից մեկն է։ ՍՊԸ-ն 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կնքել է 6 պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, Ազգային ժողովի եւ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 45 մլն դրամ։ Ընկերությունն իշխանություններին հիմնականում միջոցառման կազմակերպման ծառայություններ է մատուցում։


«Լոռե թրավել» ՍՊԸ-ն պատկանում է տնտեսական գործունեության «ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում» դասիչին։ Տնտեսական գործունեության տեսակը չի ենթադրում սեմինարների կազմակերպման ծառայություններ, գուցե սա ՊԵԿ-ի կողմից բացթողում է, կամ ոչ։ Ինչեւէ, «Լոռե թրավել» ՍՊԸ-ն, պարզվում է, նաեւ մեքենաների մասերի վաճառքով է զբաղվում։ 2024 թվականի հունիսի 12-ին մեկ անձից գնման եղանակով Երեւանի քաղաքապետարանը նշված ընկերությունից ձեռք է բերել ավտոմասեր։


Իսկ հիմա կոնկրետ գումարների վատնման նմանվող գործընթացի նկարագրությունը. «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ պայմանագրով նախատեսված է եղել ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում իրականացնել՝ ներառյալ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 պուֆ բազկաթոռները (60 երեխայի համար 70 պուֆ էին վարձակալել)։ ԱԺ հրապարակումներում «Ամառային դպրոցի» 2 շաբաթների ընթացքում խարույկային երեկոներ այդպես էլ չլուսաբանվեցին:


«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից ասել են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ի սկզբանե ծրագրված էր 1 ժամ, սակայն մասնակիցների հարցերը շատ էին, հետեւաբար, հանդիպումը նախատեսվածից երկար տեւեց՝ մոտավորապես 3 ժամ։ Հաշվի առնելով ուշ ժամը՝ նպատակահարմար չէր խարույկի կազմակերպումը»: Ստացվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար մեկ է, թե պայմանագրով ինչ պարտավորություններ ունեն. նպատակահարմարությանն են նայել ու չեն արել նախատեսված միջոցառումը։ Իսկ ով պետք է պատասխան տա ծախսված գումարների եւ ոչ պետքական գնումների համար՝ անհասկանալի է մնում:


Բացի սրանից, չկատարված ու չմատուցված ծառայության համար պետության բյուջեից փոխանցված գումարներն անգամ հետ չեն գանձվել ծառայության մատակարարից. փաստաթղթերում ոչինչ չկա այդ մասին։ Բացի դրանից, ֆինանսական հատկացումները հաշվելիս «Ամառային դպրոցի» ծախսը ամենեւին չի կազմում գրեթե 56 հազար դոլար, ավելին՝ նախորդ տարի նույն ծրագրի՝ ՀՀ Ազգային ժողովի 2023 թվականի կարիքների համար «Ամառային դպրոցի» հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման համար իրականացվել է շատ ավելի քիչ ծախս՝ 7 մլն 836 հազար դրամ. իսկ ի՞նչ է սա, եթե ոչ բյուջեի վատնում, կամ Փաշինյանի սիրած՝ «պոզ ու պոչով կոռուպցիան»»։

Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», այլ Ադրբեջանը բերում է Հայաստան
Հաջորդ նորություն next