Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի այցը ԱՄՆ. մանրամասներ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 15-20-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցը կազմակերպվել է Save Armenia և Save Persecuted Christians կազմակերպությունների հրավերով։
Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ իր ելույթում ընդգծել է Արցախից բռնի տեղահանված անձանց միջազգային աջակցության տրամադրման, Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման հարցում միջազգային ճնշման, Արցախում հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հարցում միջազգային կազմակերպությունների գործուն ներգրավվածության և Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցի քննարկման համար միջազգային հարթակի ձևավորման անհրաժեշտությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատությունների բաժնի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում առանձնապես ընդգծել է Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների ձեռնարկման կարևորությունը։
Գեղամ Ստեփանյանն Արցախի հայաթափման առաջին տարելիցին նվիրված ելույթներով հանդես է եկել նաև «Save Armenia»-ի կազմակերպած «Իրավիճակի պարզաբանում. Արցախի էթնիկ-կրոնական զտում» խորագրով քննարկմանը և ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած «Հաշվետվողականություն 2024» միջոցառմանը։
ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում էին Տեր Հովհաննես քահանա Հոնվհաննիսյանը, ադրբեջանական հանցագործությունների զոհերի հարազատները, CFTJ կազմակերպության ներկայացուցիչներ։