ՀՀ կառավարությունը 11,9 մլն դոլար է հատկացրել 97,7 կմ ավտոճանապարհների վերանորոգման համար
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 4,618 մլրդ դրամ (մոտ 11,9 մլն դոլար) հատկացնել հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների վիճակի բարելավման համար:
Միջոցները կուղղվեն միջպետական և հանրապետական նշանակության 97,732 կմ ճանապարհների միջնաժամկետ վերանորոգմանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում:
Վերանորոգման աշխատանքները կընդգրկեն 11 ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի Պարզ լիճ, Ճամբարակ, Շորժա-Վարդենիս և այլ կարևոր ուղղություններ տանող ճանապարհները: Նախատեսվում է, որ աշխատանքները կմեկնարկեն և կավարտվեն 2024 թվականի ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրություն է դարձրել ճանապարհաշինության ստանդարտների խնդրին:
Նա նշել է, որ ոչ միայն գերբեռնված մեքենաներն են ազդում ճանապարհների երկարակեցության վրա, այլև շինարարական ընկերությունների կողմից անորակ բիտումի օգտագործումը: «Սա հարց է, որին պետք է ամենայն լրջությամբ անդրադառնանք», - ընդգծել է վարչապետը: