23.11.2024
Լուսանկարը՝ mediamax.am-ի
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում. ՄԱՄՈՒԼ

Լուսանկարը՝ yerkir.am-ի
Լուսանկարը՝ yerkir.am-ի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արտաքին մարտահրավերներից ավելի ՔՊ-ական կարկառուններին սեփական ճակատագիրն է հուզում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ակնարկել է, որ առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում։ ՔՊ վերնախավը կասկած չունի, որ նախընտրական վերադասավորումներ են արվելու, մի քանի «խոշոր գլուխ է թռնելու», որ Փաշինյանը կարողանա խաղարկել կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի խաղաքարտը եւ հայտարարել, թե նախկիններից բացի նաեւ յուրայիններին չի խնայում։ Իշխանության մեջ ո՛չ ընդդիմադիրների պայքարից, ո՛չ էլ արտաքին զարգացումներից այդքան չեն սարսափում, որքան նախընտրական շոուի նմանվող այդ «ահեղ դատաստանից», որը ձեռնարկելու է վերընտրվելը կյանքի նպատակ հռչակած առաջնորդը։ Եվ անհամբերությամբ սպասում են, թե ովքեր են հայտնվելու քավության նոխազի դերում։ Ընդ որում, ամեն մեկն ուրախանալու է մյուսի «կործանումից», միայն թե ինքը չընկնի այդ հողմապտույտի մեջ։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ղեկավարը զանգահարել է Քոչարյանին օգոստոսի 31-ին, շնորհավորել երկրորդ նախագահի 70-ամյա հոբելյանը։ Փորձեցինք կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ և մանրամասներ պարզել հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն չհաջողվեց։


Ամեն դեպքում հեռախոսազանգի փաստն ինքնին ուշագրավ է հատկապես ներկա իրավիճակում։ Ակնհայտ է, որ քաղաքական սեզոնին ընդառաջ Ռուսաստանը մեծացնում է իր ուշադրությունը Հայաստանի նկատմամբ. մի կողմից՝ սկսում են իշխանության հետ շփումների ինտենսիվությունը վերականգնել, որի մասին վկայում են ՌԴ փոխվարչապետի, փոխարտգործնախարարի և տարբեր պաշտոնական դեմքերի այցերը, մյուս կողմից՝ վերականգնում են շփումները ավանդական գործընկերների հետ, որոնց հուսալիությունը ապացուցված է ժամանակի ընթացքում: Վերջինը հատկապես ուշագրավ է, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունը վաղուց ապացուցել է, որ առնվազն հուսալի չէ, պատրաստ է տարբեր սադրանքների՝ կախված իր իշխանությունը պահելու հնարավորությունից։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սիսիանում ներիշխանական գզվռտոց է սկսվել։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով իր ազգական Արմեն Հակոբջանյանին մեկ տարի առաջ մի կերպ համայնքապետ դարձրեց, այժմ ուզում է ազատվել նրանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ազգականների միջով սեւ կատու է անցել այն բանից հետո, երբ Հակոբջանյանը փորձել է չենթարկվել Կարեն Համբարձումյանին՝ ասելով, որ ինքն այսուհետ միայնակ է որոշումներ կայացնելու։ Համբարձումյանը չի մարսել, որ իր շնորհիվ պաշտոն ստացածը կարող է իրեն ատամ ցույց տալ, եւ գործի է անցել։ Ավագանու սեպտեմբերի 13-ի նիստը ՔՊ-ականները միասնաբար բոյկոտել են, նիստին մասնակցել է միայն Արմեն Հակոբջանյանը։ ՔՊ-ական ավագանին որոշել է կաթվածահար անել համայնքի ղեկավարի աշխատանքը, եւ եթե նա ինքնակամ չհանձնվի, օրենքի ուժով հասնել նոր ընտրությունների։ Համբարձումյանն այդ պաշտոնում այժմ տեսնում է համայնքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։


Ավագանու ՔՊ-ական անդամ Նախշուն Յազլունյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն մասնակցել նիստին, ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել․ «Հարցեր կան, հետո կիմանաք»։ Ճի՞շտ է, որ դժգոհ եք համայնքապետից եւ ուզում եք, որ հեռանա։ «Ո՞վ է ձեզ նման բան ասել»։ Դժգոհ չե՞ք։ «Հարցեր կան, բայց դա ի՞նչ կապ ունի․․․ բոլոր հարցերն էլ կարելի է ինչ-որ ձեւով լուծել»։ Ուզում եք Հակոբջանյանը հեռանա, ուրի՞շը փոխարինի նրան։ «Ես առայժմ այդ հարցերին չեմ պատասխանի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խորհրդարանում հանդիպեց ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ: Սրբազանը ՔՊ-ին եւս հենց ԱԺ-ում հանդիպելու «առաջարկ» արեց, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ական մի սարկազմիկ պատասխան էր տվել՝ «թող զանգեն, գրանցվեն, եթե խոսելու բան ունեն»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիրների հետ հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել. այն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում էր ընթանում: Մինչ այս շատ անգամներ են Բագրատ սրբազանը եւ խորհրդարանական ընդդիմությունը հանդիպել, սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպում առաջին անգամն էր:


Օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Բագրատ սրբազանը: Հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել, եւ Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Բագրատ սրբազանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ սպասելիքներ ունի այդ հավաքից, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում: Բագրատ սրբազանը ներկայացրել է նաեւ այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, մինչ այս արված աշխատանքը, քննարկվել են նաեւ շարժման առաջիկա անելիքները: Բագրատ սրբազանը եւ ընդդիմադիրները վերահաստատել են, որ շարժման եւ պայքարի բանալին հանրության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելն է:»


«Հրապարակը» գրում է․ Բագրատ սրբազանին երեկ ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել բոլորը՝ մուտքից սկսած։ ԱԺ որոշ աշխատակիցներ՝ տասնյակ տեսախցիկների առկայության պայմաններում, հեռվից ողջունել են սրբազանին։ Իսկ աշխատակազմից շատերը պատուհաններից են ոգեւորված հետեւել սրբազանի ելումուտին։ Հուսով ենք՝ ԱԺ ղեկավարությունն այս հրապարակումից հետո վհուկների որս չի սկսի եւ տեսախցիկները հետուառաջ չի տա՝ «դավաճաններին» գտնելու համար։ Ի դեպ, սրբազանի այցի ընթացքում ՔՊ խմբակցությունում ամայություն էր՝ պատգամավորները չկային, միայն Հակոբ Արշակյանն էր մտամոլոր քայլում միջանցքում։ Երբ լրագրողները նրան փոխանցեցին, որ սրբազանն առաջարկել է ամբիոններից իր հասցեին հոխորտալու փոխարեն գալ հիմա, իր առջեւ կանգնել եւ ասելիքը փոխանցել, խառնվեց իրար։ «Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն։ Կգրանցվեն՝ կհանդիպենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ-որ լուրջ հարց են բարձրացնում, հանդիպում եմ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի: Բանն այն է, որ դատական համակարգում շատ են տարածված խոսակցությունները, որ Միսակյանի լիազորությունները կդադարեցվեն, ու ԲԴԽ-ում էլ ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչել, որ նրան պետք է հեռացնեն համակարգից: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մեջ երկրորդ անգամ է դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն: Ըստ դատախազության հաղորդման՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրեւ թե, դատավարական ժամկետների խախտում կար: Դատելով իրավիճակից՝ երկրորդ վարույթը ճակատագրական ավարտ կունենա դատավորի համար։»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ամեն անգամ հորդառատ անձրեւներից հետո Երեւանը վերածվում է «Հայկական Վենետիկի»: Ամեն ինչ թերեւս իսկապես գեղեցիկ կլիներ, եթե յուրաքանչյուր անձրեւից հետո ողջ Երեւանով խայտառակ իրավիճակ չստեղծվեր: Անձրեւաջրերը հեղեղում են փողոցները, խանութները, տները, իսկ մարդկանց ավտոմեքենաներն անցնում են ջրի տակ: Համապատասխան կառույցներն էլ, մեկը մյուսի վրա մեղքը բարդելով, խուսափում են պատասխանատվությունից: Երբ խնդրի առնչությամբ դիմում ենք քաղաքապետարան՝ հասկանալու, թե ի վերջո ով է պատասխանատու իրավիճակի համար, երբ կվերանա այս խայտառակ դրությունը, ուղղորդում են «Վեոլիա ջուր»՝ պարզաբանելով, որ նրանք են ջրահեռացման գործընթացի պատասխանատուն: Այս խնդիրը, թերեւս, շատ խոր արմատներ ունի:


Նախ՝ Երեւանում տասնամյակներով քաղաքաշինական պլանավորում չի իրականացվում, ինչը թույլ կտար խուսափել նման իրավիճակներից, բացի դրանից՝ մայրաքաղաքում ջրատար խողովակներն ու կոյուղատարները եւս խայտառակ վիճակում են. անհիշելի ժամանակներից դրանք չեն թարմացվել, չեն նորոգվել, այդ պատճառով էլ նախատեսված գործառույթները պատշաճ չեն իրացնում: Մայրաքաղաքում հատկապես վերջին տարիներին նորակառույց բազմաթիվ բնակարաններ եւ շինություններ են ավելացել, որոնք նույնպես միացված են այդ անբարեկարգ վիճակում գտնվող ջրատար խողովակներին: Արդարության համար նշենք, որ հորդառատ անձրեւները սպառնալիք են անգամ եւրոպական շատ զարգացած երկրների, խոշոր քաղաքների համար, որտեղ նույնպես անձրեւներից հետո հեղեղ է առաջանում:


Մասնավորապես, երկու օր է, ինչ հեղեղված են Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ հատկապես Չեխիայի շատ քաղաքներ, գյուղեր: Երեւանում, իրապես, խնդիրները բազմաթիվ են, որոնց մեջ ամենից հրատապ լուծում պահանջողն էլ հենց ջրատար համակարգի արդիականացնումն է եւ հեղեղներին վերջ դնելը, իսկ դրա համար քաղաքապետարանը պարտավոր է քաղաքային պլանավորման նոր եւ արդյունավետ ծրագիր մշակել. մինչդեռ նույն քաղաքապետարանը ստիպված է հարկատուներիս փողերով ձեւավորված Երեւանի բյուջեից գումարներ ծախսել՝ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման կամ կանխման համար, որոնց պատասխանատուն նույնիսկ ինքը չէ:»


«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն վաղուց նորություն չէ, որ ներքաղաքական «հարցեր լուծելու» Նիկոլ Փաշինյանի մեթոդը առաջին հերթին «իրավականն» է: Հիմա էլ նա իր «ռեպերտուարի» մեջ է: Մի կողմից՝ նա ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների (հերթական, թե արտահերթ, կարևոր չէ), մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ սեպտեմբերի 22-ից մեկնարկելու է, այսպես կոչված, «թեժ աշունը»՝ առաջին հերթին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման միջոցով: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ընդդիմության ու շարժման շարքերը հնարավորինս թուլացնել:


Դրա համար էլ նա նորից իրավապահ համակարգը լծել է գործի. օրինակները աչքի առջև են, հերթով նորից թվարկելն անիմաստ է: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար աթոռը պահելը դարձել է կենաց-մահու խնդիր: Նա, ըստ երևույթին, հասկանում է, որ իշխանափոխությունից հետո կարող են իր հետ վարվել այնպես, ինչպես ինքն է վարվել ընդդիմադիրների հետ անցած տարիներին՝ սկսյալ 2018 թվականից: Ըստ այդմ, այդ մտավախությունից ելնելով, մեր տեղեկություններով, նա խնդիր ունի ամեն ինչ անել, որ իշխանության չգան այսօրվա տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչները: Փաշինյանի համար լավագույն ելքը կլինի, եթե իրեն փոխարինի որևէ նոր, այլընտրանքային ուժ, ընդհուպ՝ այնպիսին, որը ոչ մի կերպ կապված չի լինի այսօրվա «խաղացողների» հետ, և որը կառաջարկի հաշտության արդարադատության ճանապարհը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել այն տեղեկությունը, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: Ավելին, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական հաղորդագրության, ևս 1000 երեխա պետք է գնա։ Նույն Ստեփանյանը հիշեցնում է, որ Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։


«Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին։ Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն»,-գրում է Գեղամ Ստեփանյանը: Տարբեր գործիչներ կոչ են անում դադարեցնել այդ ծրագիրը և թույլ չտալ արցախցի երեխաներին մեկնել Հունգարիա:


Սակայն ուշագրավ է, որ անտեսվում է այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ արել «մաքրելու» Հունգարիայի երեսը, հենց նա է այդ երկրի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու նախաձեռնության հեղինակը, ինչի մասին դեռ ամիսներ առաջ էինք տեղեկացրել, և հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է այս այցի «քավորը»: Մյուս կողմից՝ այս ամբողջ պատմության մեջ, այսպես ասած, «կրակի վրա յուղ են լցնում» և մեծացնում են անհանգստությունները տարածվող տեղեկությունները, որ նշյալ ծրագիրն իրականացնող հիմնադրամներում որոշակի ֆինանսական ներգրավվածություն ունի նաև Ադրբեջանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի օգոստոսի 8-ին՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրապարակավ խոստացավ. «Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի»։
Սական իրականում այս խոստումը Փաշինյանը ոչ միայն չկատարեց, այլև ժողովրդին «ավետեց ջրի սովի մասին»: Հոսանքի պես հասանելի ոռոգման ջուր խոստացած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ջուրը գնալով պակասելու է, որովհետև, ըստ իրեն, «սաղ աշխարհում է պակասում»։


Մասնավորապես, 13.04.2023 թվականին հայտարարեց՝ «Ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մենք ինչ-որ ձևով գլորում ենք, հետո փետրվարի վերջերից սենց նստում ու նայում ենք՝ տեսնենք՝ անձրև ավելի շա՞տ կգա, չի՞ գա, ջուրն ավելի շա՞տ կլինի, թե՞ չի լինի։ Եկե՛ք արձանագրենք՝ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս։ Նույնիսկ, եթե ճանապարհները փակենք, ինչ էլ անենք, հեղափոխություն էլ անենք, այ դա էն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու»: Ի՞նչ իրավիճակ ունենք,. հողագործները ոռոգման ջրի համար տարվա մեջ մի քանի անգամ ճանապարհներ են փակում։ Տեղի են ունենում ծեծկռտուքներ, իսկ Արմավիրի և Արարատի մարզերում անգամ դանակահարություններ են տեղի ունեցել:»