Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը.
"Հայաստանում ռուս սահմանապահ զորքերի կարգավիճակը կարգավորող հիմնարար փաստաթուղթն անժամկետ բնույթ ունի, իսկ ռուս սահմանապահների ներկայության արդիականությունը բազմիցս հաստատվել է",- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման անհրաժեշտության վերանայման կարիք կա։
Զախարովայի խոսքով, ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և բազմիցս հաստատել են իրենց ներկայության արդիականությունը՝ կանխելով սահմանի ապօրինի հատումները և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:
«Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների հեռանալը բացասաբար կանդրադառնա հանրապետության անվտանգության վրա։ Հայաստանի ԱԺ նախագահը բավական կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար, և այս հարցում պետք է խոսք տալ նրանց, ովքեր իսկապես պահում են Հայաստանի սահմանը, ոչ թե նստած են փափուկ աթոռների վրա»,- հավելել է Զախարովան։