28.11.2024
Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանին
prev Նախորդ նորություն

Մի շարք երկրների ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է, որ Եռակողմը չեն կարդացել

Այդքան քննարկվում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եկեք կարդանք. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու մասին չէ: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում Եռակողմ հայտարարության մասին և ակնհայտ է դառնում, որ այդ հայտարարությունը չեն կարդացել:  


Փաշինյանի խոսքով, առաջին հերթին դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է.


«Օրինակ՝ Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիներ: Ընդ որում, Մեղրիով եւ Իջեւան-Ղազախով: Ավտոճանապարհի բացում՝ Հայաստանից Իրան Նախիջեւանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան եւ այլն: Կամ՝ Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի թողնո՞ւմ աշխատի: Եթե բաց է, ասեք, մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,-ասաց Փաշինյանը:


Փաշինյանը ընթերցեց նաև Եռակողմ հայտարարության 9-րդ կետի հաջորդ նախադասությունը, այն է՝ «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»:


«Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, եւ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որեւէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին՝ երթեւեկության կազմակերպողը ՀՀ-ն է, և՛ երաշխավորողը, և՛ կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ որեւէ բան գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի եւ կազմակերպի: Ամեն ինչ անում է ՀՀ-ն, եւ դրանից են բխում իրավազորության եւ սուվերենության մասին մեր պատկերացումները: Իսկ այս նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»... որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն: Չկա գրված: Եվ եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, այդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, ՀՀ որոշելու հարց՝ այսօր որոշել է, որ ներկա են, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն իրենք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: