ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «փորձ է արվում ներկայացնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներառում է երրորդ ուժերի կամ երկրի կողմից Հայաստանի տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովումը»։
Եվ այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը մեջբերելիս նա անտեսել է այն հատվածը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանը դեռ պաշտոնական հայտարարություններ չի ստացել հայկական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հրաժարվելու ցանկության մասին։
«Մենք նման ցանկության մասին չենք լսել։ Այդ մասին չի հայտարարվել ո՛չ դիվանագիտական խողովակներով, ո՛չ էլ հասարակական դաշտում։ Ես նման բան չեմ տեսել, մենք նման բան չենք հանդիպել: Այլ բան է, որ մենք տեսնում ենք թե՛ առկա փաստաթղթերը, թե՛ դրանց դրույթները շահարկելու կրկնվող փորձեր։ Գիտեք, ինչպես հայտնի ռեպրիզում՝ «մեկ խաղում ենք, մեկ չենք խաղում»: Ի վերջո, խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթերի մասին, որոնք ստորագրված են կողմերի կողմից, որոնց նրանք պարբերաբար հղում են անում։ Եվ ոչ միայն դա՝ խոսում են փաստաթղթերից, մեջբերում են փաստաթղթեր, որոնք իրականացվում են։ Եվ դրանք իրականացվում են, գիտեք, ոչ թե կախարդական փայտիկի միջոցով, այլ մարդկանց, ովքեր, այսպես ասած, իրենց ներդրումն ունեն, ովքեր զոհում են ոչ միայն իրենց ժամանակը, այլ երբեմն իրենց կյանքը, որպեսզի գրվածն իրականություն դառնա։ Ուստի, ինձ թվում է, որ փաստաթղթերի մեջբերումներին նման անլուրջ, եթե չասենք՝ անպատասխանատու կերպով վերաբերվել չի կարելի»,- ասել է Զախարովան։
Նա նշեց, որ պետք է հարգել նրանց ջանքերը, ովքեր մշակել են համապատասխան փաստաթղթերի դրույթները՝ նաև հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության, և ոչ թե բառերի հետ խաղալ։
"Սա է ամենակարևորը, որ պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանատու լինեն այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք մշակվել են պատմական բարդ գործընթացի արդյունքում»,- հավելեց նա։