VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել: Ինչ արդյունք կունենան դրանք` դժվար է ասել: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները: Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշնանը հայաստանյան քաղաքական դաշտում նոր ու հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում: Ինչպես հայտնի է` ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերից վերսկսելու է փողոցային պայքարը. ակցիաներ ու հանրահավաքներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցությունը ընդդիմությունից առանձին եւս գործողություններ է մեկնարկելու: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանը, որն այս օրերին քաղաքական դաշտում չի երեւում, երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հազվադեպ է դիրքորոշում հայտնում, նախատեսում է սեպտեմբերից մարզեր այցելել իր թիմակիցներով հանդերձ ու հանդիպել բնակիչների հետ:
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց. «Սեպտեմբերից սկսելու ենք մարզերում մեր համախոհների հետ հանդիպել եւ կուսակցությունը զարգացնել: Հայկ Մարությանն էլ կմասնակցի այդ հանդիպումներին, նոր մարդկանց կներգրավենք, մարզային կառույցներ կստեղծենք»: Հարցին, որ սեպտեմբերից ընդդիմադիր «Սրբազան շարժումը» եւս վերսկսելու է ակցիաները, իրենց ուժն արդյոք աջակցելո՞ւ է շարժմանը, մասնակցելո՞ւ են հանրահավաքին՝ Գրիգոր Երիցյանն ասաց. «Այս մասին խոսել ենք, մենք ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրություններով, մեզ համար հստակ է, որ այդ շարժման անդամները մտադիր չեն արտահերթ ընտրությունների գնալ, բացի սրանից` շարժման մեջ կան մարդիկ, ովքեր մեզ համար անընդունելի են»: Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 1-ին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բավականին զայրացած կերպով հերքում էր իր հրաժարականի հավանականությունը` այն հավասարեցնելով ինչ-որ կատակլիզմի հետ։ Սակայն, Ավանեսյանը համեստորեն լռում էր մեկ այլ դեպքի` Հաշվեքննիչ պալատի կողմից օրերս արված բացահայտումների մասին, առ այն, որ նախ` 2023 թվականին հաշվեքննությամբ հայտնաբերված խնդիրները առ այսօր չեն շտկվել (տե՛ս քաղվածքներ 1, 2, 3)։ Ավելին` պետպատվերի շրջանակներում առկա է լրջագույն խախտում, այն է` պրոֆիլային, մշտական գործող գնագոյացման հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում չի գործել` չգումարելով ոչ մի նիստ։ Կարծում ենք` լրագրողները իրավունք ունեն գոնե չբացառելու ոլորտը ըստ էության ձախողած նախարարի հավանական հրաժարականը, եթե չասենք, որ ՔՊ-ում քննարկել են նրա իրական հեռացման և հավանական փոխարինողի հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։ Բանն այն է, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով դադարեցվեցին ուսումնական հանձնաժողովի անդամ դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները, ու հանձնաժողովը, դատավորի հեռանալուց հետո, չի կարողանում աշխատել բնականոն հունով։ Արդյունքում` չնայած թեժ ամառ է ու դատավորներից շատերը հանգստի են, բայց ներքին կարգով ասել են. «Պետք է ամեն ինչ անեք, գաք, որ քվորումը ապահովվի»։ Սակայն միայն այս հանձնաժողովում չէ, որ խնդիր կա։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի երկու անդամների դատավորներ` Ելիզավետա Դանիելյանի եւ Լիլիթ Կատվալյանի գործունեության ժամկետներն են ավարտվում, ու չի բացառվում, որ այս ընտրությունն էլ կազմակերպեն սպասվելիք ժողովի ընթացքում, այլապես համակարգում քաոս կսկսվի։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Համլետ Ասատրյանի հրամանով՝ 2024 թ․ օգոստոսի 16-ին՝ ժամը 14։00-ին, դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։ Ըստ 2024 թվականի` գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` Դոլմազյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին:
Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում: Դոլմազյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան, որը փաստաթղթերով, կամ փաստացի, իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է նրա կողմից. բնակարանը գտնվում է Երևանում։ Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։ Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1․3 մլն դրամ, որը հաշվետու տարվա համեմատ աճել է գրեթե 2 անգամ: Կանխիկ դրամական միջոցները կազմել են 220 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 70 հազար դրամով։
Դատավորն անցած տարվա ընթացքում 18 մլն 625 հազար դրամ եկամուտ է ստացել աշխատավարձի տեսքով: Եկամուտներից 17 մլն 419 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։ Դոլմազյանը նույն ԲԴԽ դատական դեպարտամենտից ստացել է նաև այլ եկամուտ` ևս 1․2 մլն դրամ, որը, պարզ չէ, ինչ ծառայության համար է։ Արդարադատության ակադեմիայից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 6 հազար դրամ։ 2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն` Վահե Դոլմազյանի աշխատանքի վարձատրությունը Լոռու մարզի դատախազի տեղակալ եղած ժամանակ կազմել է ընդամենը 7․9 մլն դրամ, ինչը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում ներկայացված` Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատանքի վարձատրության համեմատ ավելի է գրեթե 10 մլն դրամով։
Դատավորը նաև ունի վարկ, դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 4 մլն 255 հազար դրամ։ Հայրենիք հանձնող իշխանության սիրելի Դոլմազյանը քննում է մի շարք գործեր. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի գործերը, հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների «սրտի» որոշումներն էր կայացնում, իսկ հետո կալանավորվեց: Դոլմազյանը քննում է նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված գործը և քննում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործը։ Եվ իհարկե` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի քրեական գործը, որը ծայրից ծայր սարքված քաղաքական վրեժխնդրության դրևսևորում է: Հիշեցնենք, որ Վահե Դոլմազյանն այն դատախազն էր, ով ապօրինաբար թույլ էր տվել լրագրողի հեռախոսազրույցները վերծանել։ Հետագայում բոլոր ատյաններում ապացուցվեց, որ Դոլմազյանի այդ որոշումն ապօրինի էր, և «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր ատյաններում հաղթեց»: