24.11.2024
Եվ այսպես՝ ի՞նչ կտան հայկական բանակին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի արձակուրդի մաթեմատիկական խառնաշփոթը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիա մեկնելիս Փաշինյանը օգտվել է հեռավոր 2018 թվականի արձակուրդի մի մասից եւ ս/թ արձակուրդի մեկ ուրիշ մասից։ Անհասկանալի է ՀՀ վարչապետի հրամանների ժամանակագրությունը (Տե՛ս լուսանկարը), այն է՝ 2020 թվականին Փաշինյանը օգտվում է 2019 թվականի արձակուրդի մի մասից` ետեւում թողնելով, փաստորեն, 2018 թվականի արձակուրդի չօգտագործված մասը, որը, ինչպես նշեցինք, օգտագործվել է 2024 թվականին։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ կարո՞ղ էր Փաշինյանի արձակուրդը նման տարեգրային վայրիվերումներ ունենալ, եւ ո՞րն է նման շիլաշփոթի իմաստը։ Հավելենք, որ հասարակ մահկանացուները շատ վաղուց չօգտագործված արձակուրդից կարողանում են օգտվել միայն աշխատանքից ազատվելիս` վերջնահաշվարկի ժանանակ. իսկ վարչապետը հիշել եւ օգտագործում է 2018 թվականի իր արձակուրդը»:




«Հրապարակ»
թերթը գրում է. Կիրակի օրը Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցներն այցելել էին Գեղարքունիք: Նրանք եղել են Նորատուսում, Գավառում, զրուցել են մարդկանց հետ, շրջել: Բայց նկատելիորեն քիչ մարդ է եկել սրբազանի հետ հանդիպումներին: Եվ ամենակարեւորը` Գեղարքունյաց թեմից ոչ ոք չի գնացել սրբազանին ողջունելու` ո՛չ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ո՛չ այլ հոգեւորականներ: Տեր Պարթեւն այդ օրը` հուլիսի 21-ին, Գավառի Սոցիալ-կրթական կենտրոնում հաշվետու ցուցահանդեսի է մասնակցել, որի ժամանակ ուսումն ավարտող սաներին անձամբ ավարտական վկայականներ է հանձնել` այս շարքային միջոցառումը նախընտրելով սրբազանի հետ հանդիպումից:


 «Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել, որ ՔՊ-ական պատգամավորները կտրվել են ժողովրդից, իրականությունից, ուստի վարչությունը որոշում է ընդունել, որ պատգամավորները պարտադիր պետք է մասնակցեն կուսակցության տարածքային կազմակերպության խորհուրդների ձեւավորմանը, պետք է պարտադիր թեկնածություն առաջադրեն: Իսկ կընտրվեն, թե ոչ` դա էլ կլինի նրանց աշխատանքի գնահատականը: Բանն այն է, որ լրանում է կուսակցության կանոնադրությամբ առաջադրված տարածքային խորհուրդների երկամյա ժամկետը, եւ մինչեւ աշուն պետք է նոր խորհուրդներ ձեւավորվեն: Այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են, երեկ Շենգավիթում է ՔՊ-ն նորացվել, եւ փակ ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում, ի թիվս այլոց, ընտրվել են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հռիփսիմե Հունանյանը: Ի դեպ, թեկնածուների մեջ է եղել նաեւ Հայկ Ցիրունյանը, ում չեն ընտրել։ Նշենք, որ, չնայած արձակուրդում գտնվելու փաստին, ընտրություններին անձամբ Փաշինյանն էլ է մասնակցել՝ կարեւորելով տեղերում խրամատավորման եւ առաջիկա ընտրություններին պայքարի հարցը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ն Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ նախորդ տարեվերջին «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիան խզելուց հետո՝ ՔՊ-ն տարբեր մեթոդներով փորձում է մի շարք «ոչ ՔՊ-ական» համայնքներում, այդ թվում եւ Գյումրիում, յուրացնել իշխանությունը: Այդ նպատակով բազմիցս Գյումրի են գործուղվել ՔՊ-ական պատգամավորները՝ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ անձամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հիմա, ինչպես երեւում է, իշխանությունները Գյումրիում որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել ու կտրուկ քայլերի գնալ՝ իրենց բաղձալի նպատակին հասնելու համար: Այսպիսով` Գյումրու համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ՔՊ-ն հուլիսի 26-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ՀՀ դատախազության առաջարկությամբ Գյումրու համայնքի ղեկավարի` 24 որոշում անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ հարցերն են։


Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտնում է՝ օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի եւ Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Այսինքն՝ չի բացառվում, որ Գյումրու նախկին քաղաքապետները նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ակնհայտ է, որ այս կերպ ՔՊ-ն մտադիր է հերթական անգամ ճնշումներ գործադրել «Բալասանյան» դաշինքի վրա, որը Գյումրիում իշխող ուժն է: Ավելի վաղ Բալասանյանի որդուն հետ կանչեցին Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից: Հիմա օղակը սեղմվում է նրանց շուրջ, եւ այդտեղ մեծ դեր ունի նաեւ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որը մարզում աշխատանքի տեղավորման գործակալի գործառույթներով է հայտնի: Ի դեպ, նույն Սարուխանյանը նախկինում շռայլորեն օգտվել է Բալասանյանների ծառայություններից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով առաջիկայում լրանում են կալանավորված 6 անձանց խափանման միջոցի ժամկետները, եւ, ըստ էության, նախաքննական մարմինը կա՛մ պետք է դիմի կալանավորվածների ժամկետը երկարաձգելու հարցով, կա՛մ միգուցե նրանցից ոմանք հայտնվեն ազատության մեջ։ Փաստ է մեկ բան. աղմկահարույց դեպքից անցել է գրեթե 4 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, իսկ կալանավորված մեկ կարեւոր խմբի մասնակիցը ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ՝ չկա ու չկա։ Եվ, մինչ իրավապահները 4 ամիս է նրանց են փնտրում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր. մասնավորապես, քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան:


Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից. թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ ձեռքներին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր աղմկահարույց պատմություն է հասունանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կապված: Կառավարությունը պատրաստվում է Ագրարային համալսարանից վերցնել 2-րդ մասնաշենքը` շուրջ 10 000 քմ ընդհանուր մակերեսով, եւ հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին:  Համալսարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ օրերս այդ նպատակով, ոչ աշխատանքային ժամին Ագրարային համալսարան են այցելել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը եւ Ֆրանսիայի դեսպանը: Նրանք` ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, շրջել են 2-րդ մասնաշենքում եւ ծանոթացել շենքային պայմաններին: Այցն իրականացվել է արձակուրդային ժամանակահատվածում, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից: Սակայն համալսարանի դասախոսներին հայտնի է դարձել այցի նպատակը, եւ նրանք պատրաստվում են իրականացնել բողոքի ակցիաներ: Հիշեցնենք, որ 2023թ. ագրարայինի 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկը՝ շուրջ 2500 քմ մակերեսով, հանձնվել էր Ճարտարապետության եւ շինարարության համալսարանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթողին կհայտարարի հուլիսի 29-ին։ Մենք օրեր առաջ էինք գրել, որ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից, պրոիշխանական Արմեն Քոլոյանն է իշխանության թեկնածուն: Նրան տնօրեն դարձնելու ցանկությունն այնքան մեծ է, որ որոշել են հրաժարվել իրենց լոզունգներից` արդար ընտրության եւ պետական համակարգի երիտասարդացման: Քոլոյանը 67 տարեկան է։ Տարօրինակ է, որ օրենքը տարիքային սահմանափակում չի նախատեսում, չէ՞ որ ղեկավար պաշտոններում աշխատելու տարիքը 65-ն է: Երեկ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, թե ունի փաստեր, որ մրցույթի արդյունքները դեռ չհայտարարված՝ Քոլոյանին տարել են կառավարություն, այսինքն` մրցույթը կեղծ է, արդյունքը՝ կանխորոշված: Նա դիմել է մրցույթի մասնակիցներին եւ կոչ արել բոյկոտել այն` հայտերը հետ վերցնել։


Մրցույթի մասնակից, «Հրապարակ»-ի թղթակից Լուսինե Պետրոսյանը բոյկոտը ճիշտ չի համարում` 2 պատճառով.  գործընթացը գնահատելու համար պետք է սպասել դրա ավարտին․ «Այն, որ ինչ-որ մեկը կառավարության շենքում (ըստ ամենայնի՝ երկրորդական մեկը, ով հեռախոսազանգով միջամտելու ազդեցություն չունի) հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին եւ Քոլոյանին կամ անձնական շահագրգռություն ունի, որ Ռադիոյի տնօրեն ընտրվի պրն Քոլոյանը, դեռ երաշխիք եւ փաստ չէ, թե այդպես էլ կլինի։ Պետք է նախ Քոլոյանի ընտրությունը դառնա փաստ, որ դրանից էլ հետեւություն եւ գործողություն բխեն»: Եվ` «ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ մասնագիտական կենսագրություն, մոտիվացիա, Հանրային ռադիոյի զարգացման հայեցակարգ, եւ պրն Քոլոյանի ներկայացրած փաթեթը դժվար թե լավագույնը լինի»։