26.11.2024
Փաշինյանը ՍՏՀԿ նախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
prev Նախորդ նորություն

Հայաստանի նախագահն այցել է ամերիկյան դեսպանի կեցավայր և գովաբանել ԱՄՆ-ին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ հուլիսի 1-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր:


Ինչպես հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:


Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է երկրի տնտեսության զարգացման համար: Հանրապետության նախագահն առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ կողմից իրականցվող օժանդակությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ողջունել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ օրեր առաջ կայացված որոշումը:


«Կարծում եմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պատասխանատու առաքելությունը, որը կոչված է՝ պաշտպանել ժողովրդավարությունը և տարածել ժողովրդավարական արժեքները»,- նշել է նախագահը:


Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել այցելության և շնորհավորանքի համար: «Վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս ամենում Դուք ունեք Ձեր ներդրումն ու ակտիվ ներգրավվածությունը՝ ներառյալ Ձեր շատ կարևոր այցը, որը վերջերս կատարեցիք դեպի Կալիֆորնիա և ԱՄՆ Արևմտյան ափ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր հարաբերությունները խորացնելու համար»,- ասել է դեսպան Քվինը՝ հույս հայտնելով, որ մյուս տարի հնարավորություն կլինի խոսել ավելի մեծ առաջընթացի մասին:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ: