Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող այս համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքվել տեղական ինքնակառավարման, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ։
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը, նրան ուղեկցում է Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։ Պատվիրակության կազմում են Գլենդելի (Կալիֆորնիա) քաղաքապետ Էլեն Ասատրյանը, Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի տնօրեն Սեմուել Ասեֆան, Փասադենայի (Կալիֆորնիա) քաղաքապետ Վիկտոր Գորդոն, Սքրենթոնի (Փենսիլվանիա) քաղաքապետ Փեյջ Կոնյետին, Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսը, Հելենայի (Մոնթանա) քաղաքապետ Վիլմոնտ Քոլինսը և Կանզասի նահանգապետարանի գյուղատնտեսության դեպարտամենտի պետի տեղակալ Քելսի Օլսոնը։
Համաժողովի բացման ժամանակ քաղաք-համայնք և նահանգ-մարզ նոր գործընկերությունների ձևավորման իրենց մտադրությունների մասին հայտարարել են Մոնթանա նահանգի Հելենա քաղաքը և Լոռու մարզի Ստեփանավան համայնքը, Փենսիլվանիայի Սքրենթոն քաղաքը և Արմավիրի մարզի Արմավիր համայնքը, Միչիգանի նահանգը և Տավուշի մարզը։
Բացման նիստից հետո քննության կառնվեն տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցերը՝ համագործակցությունը քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի հետ, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, ընտրական գործընթացների ապահովումը, ընտրազանգվածի ներգրավումը և այլն։
Համաժողովի երկրորդ օրը՝ հունիսի 18-ին, մասնակիցները կուղևորվեն Գյումրի, հանդիպումներ կունենան Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց հետ, կայցելեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն և հանգամանալի քննարկումներ կվարեն ՏՏ զարգացման, հանրային-մասնավոր գործընկերությունների ձևավորման, կլիմայի փոփոխություններին ի պատասխան ձեռնարկվող միջոցների և զբոսաշրջության խթանման հարցերի շուրջ։
Նաև տեղի կունենան քննարկումներ գործընկերության մասին հայտարարած զույգերի միջև՝ մտքեր փոխանակելու առաջիկա ամիսներին երկխոսության և համագործակցության խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ, ձևավորելու դինամիկ գործընկերություններ, որոնք կնպաստեն փոխադարձ ըմբռնման մեծացմանը, արդյունավետ կառավարմանը, տնտեսական զարգացմանը, խաղաղությանն ու բարեկեցությանը՝ ի շահ հայ և ամերիկացի ժողովուրդների։