Ո՞ր դեպքում է հնարավոր կրկին ընդգրկվել կենսաթոշակային կուտակային համակարգում
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում, հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային համակարգում:
Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը` ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու եւ նրանց` որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու անհրաժեշտությամբ:
Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ ստացված 3 առաջարկներն ընդունվել են:
Նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի` հունիսի 11-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: