Վրաններ՝ Բաղրամյանում. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը շրջապատել է ԱԺ-ն
Նախօրեին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները քայլերթով հասան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ, որտեղ որոշում կայացվեց գիշերել:
Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց գործողությունների մեկնարկի մասին.
"Ընդամենը 4 օր առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք",- ասաց նա: Ապա դիմեց ԱԺ բոլոր խմբակցություններին․
"1․ Մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 11-ին, ժամը 18․30-ին նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ Կառավարության հրաժարականի ու նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով։
2․ Հունիսի 10-ին ԱԺ Խորհուրդը պարտավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացնել։
3․ Համաժողովրդական պահանջի հիման վրա, խորհրդարանն արտահերթ նիստով հավանություն է տալիս Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը"։
Ավելի ուշ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ ԱԺ շենքի դիմաց, տեղադրվեցին վրաններ:
Նշենք, որ այս շաբաթ մեկնարկում է ԱԺ գարնանային նստաշրջանի հերթական քառօրյան: