Հայաստանը որևէ ռազմական դաշինքին միանալու հարց չի քննարկում. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը բանակցություններ չի վարում և որևէ երկրի հետ չի քննարկում ռազմաբազա ստեղծելու կամ որևէ ռազմական դաշինքին միանալու հարց։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, թե «Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ այլ երկրների հետ»։
«Առաջինը թող դադարեն մեզ սպառնալ, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի մասին չխոսեն, երբ խոսում են ՀԱՊԿ-ի մասին, մինչ այդ թող ասեն, թե որտեղ է ՀԱՊԿ սահմանը, ինչ պարտավորություններ ունեն երկուսն էլ որպես ՀԱՊԿ անդամ` ՀԱՊԿ-ը և Հայաստան-Ռուսաստան համաձայնագրի կողմերը: Հայաստանը ոչ մի երկրի հետ բանակցություններ չի վարում, որևէ ռազմակայանի տեղակայման, որևէ ռազմական դաշինքի անդամակցելու հարց չի քննարկում»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը՝ համարելով աբսուրդային ՌԴ փոխարտգործնախարարի այն միտքը, որ Հայաստանը կարող է ազգային տվյալների բազաները փոխանցել արևմտյան որոշ երկրներ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանը բազմիցս բողոքել է ՀԱՊԿ-ից՝ պահանջելով, որ կազմակերպությունը դատապարտի Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։
Մինչդեռ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին` նշելով, որ տեղակայման ժամկետը կախված է Հայաստանից։ Ինչպես ասել են Մոսկվայում, «գնդակը Երեւանի դաշտում է»: Հայկական կողմը՝ ի դեմս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հայտարարել է, որ Երեւանը չի հրաժարվում առաքելությունից, եւ որ աշխատանքները շարունակվում են։ Սակայն այս հարցում դեռևս հստակություն չկա։