25.11.2024
Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ-ին՝ աղետի գոտում իրականացվող աշխատանքներին
prev Նախորդ նորություն

Գունեղ նկարներ. իրականացվեց «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացրեց «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Մրցույթ-ցուցահանդեսը միտված էր մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։

Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացավ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը ս.թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցեցին Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շուրջ 500 շնորհալի երեխա: 1-ին փուլը հաղթահարած 160 մասնակիցներին կազմակերպիչները տրամադրել են անհրաժեշտ բոլոր նկարչական նյութերը:

Մրցույթ-ցուցահանդեսի Հանձնաժողովի անդամներն էին ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Մատուլյանը, նկարիչ Լիլիթ Սողոմոնյանը, քանդակագործ, գեղանկարիչ Արման Համբարձումյանը, մանկական միջոցառումների կազմակերպիչ, «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի անդամ Նանա Մարտիրոսյանը:

Մրցույթ-ցուցահանդեսի առաջին մրցանակին արժանացավ Վաղարշապատի համայնքապետարանի Եղիշե Թադեվոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սան Մարիա Հովհաննիսյանը (8 տարեկան, մանկավարժ՝ Մարիամ Պապոյան), երկրորդ մրցանակին արժանացավ «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի սան Հասմիկ Նալբանդյանը (9 տարեկան, մանկավարժ՝ Ռիտա Սարգսյան), երրորդ մրցանակին արժանացավ «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն»-ի սան Սարգիս Հովհաննիսյանը (9 տարեկան, մանկավարժ՝ Ալինա Ստեփանյանը)։

Հաղթող մասնակիցների Ուսումնական հաստատությունները և մանկավարժները նույնպես արժանացան մրցանակների և դիպլոմների «Լավագույն մանկավարժ», «Լավագույն Ուսումնական հաստատություն» անվանակարգերում։

Սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցների համար։

Հատուկ մրցանակների և դիպլոմների արժանացան «Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Էմիլի Խաչատրյանը (9 տարեկան, մանկավարժ՝ Էմմա Գալստյան), Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցի սան Սյուզաննա Պողոսյանը (9 տարեկան, մանկավարժ՝ Լուսյա Դելի-Սարգսյան)։

Ժյուրիի համակրանքի մրցանակների և դիպլոմների արժանացան Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցի սան Արիանա Հարությունյանը (9 տարեկան, մանկավարժ՝ Լուսյա Դելի-Սարգսյան), Երևանի Զաքարյան արվեստի կենտրոնի սան Մարի Պապայանը (11 տարեկան, մանկավարժ՝ Վարդան Զաքարյան), Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի սան Արինա Մկրտչյանը (8 տարեկան, մանկավարժ՝ Լիլիթ Ղազարյան)։


«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը:

Այն իրականացվել է առաջին անգամ և կշարունակվի հաջորդ տարիներին: