24.11.2024
Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Հայաստանի առևտրաշրջանառության մեջ առկա են զգալի կառուցվածքային փոփոխություններ

Տնտեսագետ Աղասի Թավադյանը Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ ամենամյա ժողովի շրջանակում «Հայաստանը ԵԱՏՄ—ում: եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» գիտաժողովում ներկայացրեց Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին:


Ըստ նրա, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքը գրանցել է զգալի փոփոխություններ։ 2023 թվականին արտահանումը աճել է 55,3 տոկոսով՝ 5,4 միլիարդ դոլարից (2022) հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ներմուծումն աճել է 40,2 տոկոսով՝ նույն ժամանակահատվածում 8,8 միլիարդ դոլարից հասնելով 12,3 միլիարդ դոլարի: Վերջին երկու տարիների ընթացքում արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 2,8 և 2,3 անգամ։ Առկա են նաև զգալի կառուցվածքային փոփոխություններ առևտրաշրջանառության մեջ։


"Հատկանշական է, որ 2023 թվականի արտահանման աճի մասը՝ 31 տոկոս կամ 2,6 միլիարդ դոլար, տեղի է ունեցել վերջին երկու ամիսներին, մասնավորապես՝ նոյեմբերին և դեկտեմբերին։ Արտահանման կորը, որը մայիս-սեպտեմբեր ամիսներին արդեն մեծ աճի միտում չէր գրանցում, այս ժամանակահատվածում կտրուկ աճ է գրանցում: Հուշագրավ է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանը հասել է պատմական իրադարձության՝ արտահանումը այդ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է ներմուծմանը։ Առանց հանկարծահաս աճի 2023 թվականի սեպտեմբերին մեր կողմից կանխատեսվում էր, որ արտահանումը 2023 թվականին կլինի 7.1 մլրդ դոլարի շրջանակներում։


2023 թվականին Հայաստանի արտահանման 34,4 տոկոսը՝ ավելի քան 1/3-ը, եղել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Հոնկոնգ։ Ամենամեծ արտահանման ուղղությունը եղել է Ռուսաստանը՝ կազմելով 40,6 տոկոս։ Այսպես՝ 2023 թվականի արտահանման 75 տոկոսը բաժին է ընկել այս երեք պետություններին։ Նշենք, որ 2021 թվականին արտահանման 2.8 տոկոսն էր գրանցվել դեպի ՄԱԷ և Հոնկոնգ (84 մլն դոլար)։ Փաստացի դեպի ՄԱԷ և Հոնկոնգ ունենք արտահանման 35 անգամյա աճ 2 տարվա ընթացքում",- թվարկեց նա։


Ըստ Թավադյանի, թեև 2023 թվականին ներմուծման և արտահանման ընդհանուր աճը գերազանցել է 40 տոկոսը, իրականությունը այլ է։ Եթե բացառենք Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Հոնկոնգը առևտրաշրջանառությունից, ապա դեպի այլ պետություններ 2023 թվականին արտահանումը նվազել է 12,2 տոկոսով, ինչը մտահոգիչ է և նկատելի շեղում է ընդհանուր աճի միտումից։ Վերջին 2 տարիների համար բացառությամբ այս 3 պետությունների արտահանման աճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս՝ ընդհանուր 2.8 անգամ աճի համեմատ: Այս փաստը չի վկայում արտահանման կայուն աճի մասին։


Վերջին երկու տարիների ընթացքում արտահանման աճը գրանցվել է բացառապես դեպի Ռուսաստան, ԱՄԷ և Հոնկոնգ։ Դեպի տվյալ պետություններ գրանցվել է զգալի 6,8 անգամ աճ՝ 0,9 միլիարդ դոլարից (2021) մինչև 6,3 միլիարդ դոլար։ Անդրադառնալով ներմուծմանը, կարևոր է նշել, որ ԱՄԷ-ն և Հոնկոնգը նվազագույն դեր են խաղացել Հայաստանի ներմուծման դինամիկայի մեջ, որը հիմնականում առաջացել է Ռուսաստանից։ Ռուսաստանից ներմուծման մի մասը վերաարտահանվել է ԱՄԷ և Հոնկոնգ, որը հանդիսանում է վերջին 2 տարիների արտահանման կառուցվածքային փոփոխության պատճառներից մեկը:


"2023 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է ավելի քան 42.9 տոկոսով (2 564-ից հասնելով 3 609 մլն ԱՄՆ դոլարի)։ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 42,9%-ը ուղղվում է ԵԱՏՄ։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է, և հիմնականում պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Մերձավոր Արևելք արտահանումը 2023 թվականին աճել է 2.6 անգամ (983-ից մինչև 2 538 մլն ԱՄՆ դոլար)՝ հիմնականում ի հաշիվ Ռուսաստանից ՄԱԷ վերաարտահանման հաշվին։ Մեծ Չինաստան արտահանումը աճել է 2.8 անգամ՝ հիմնականում ի հաշիվ Ռուսաստանից Հոնկոնգ վերաարտահանման հաշվին։ Նշենք որ 2023 թվականի վերջի դրությամբ Եվրամիությունը չորրորդ տեղում է գործընկեր տարածաշրջանների արտահանման մեջ։ 2023 թվականին Հայաստանի արտահանման ընդամենը 8.4 տոկոսն է բաժին ընկել ԵՄ-ին",- ներկայացրեց բանախոսը։


Թեև ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս առևտրաշրջանառության զգալի աճ, մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է տարբեր մտահոգիչ միտումներ, ասաց նա.


"Դիտարկենք այլ պետությունները (բացառությամբ Ռուսաստանի, Էմիրությունների և Հոնկոնգի), ապա 2023 թվականին առկա ներմուծման դրական աճ՝ համեմատած 2022 թվականի հետ: Այնուամենայնիվ, ավելի մանրամասն ուսումնասիրությունը բացահայտում է մտահոգիչ միտում՝ 2023 թվականին առկա է դեպի այլ պետությունների ներմուծման աճի բացասական միտում, իսկ արտահանումը այլ ուղղություններով կրճատվել է 12.2 տոկոսով: Այսպես այլ հավասար պայմաններում 2024 թվականին կարելի է ակնկալել որ և՛ ներմուծումը և՛ արտահանումը դեպի այլ պետություններ կարող է կրճատվել։


Հայաստանի արտահանումը 2022 թվականին աճել է 79%, դեպի Ռուսաստան՝ մոտ 3 անգամ (197.9%), իսկ 2023-ին արտահանումը աճել է 55.3%, դեպի Ռուսաստան՝ 43.3%, դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ՝ 4.2 անգամ (316.8%)։ Սա վկայում է նաև վերաարտահանման աճի մասին: Նշենք, որ 2022 և 2023թթ. արտահանման և ներմուծման կառուցվածքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:


Մեր կողմից մշակված մեթոդաբանությամբ 2021 թվականի վերաարտահանումը կազմում էր 5.6% կամ 167 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականի արտահանման 27.7% կամ 1.47 մլրդ դրամի արտահանումը գնահատվել է որպես վերաարտահանում:[1] Եթե դիտարկենք միայն զուտ արտահանումը, ապա իրական արտահանման աճը 2022 թվականին կազմել է 37%, իսկ վերաարտահանումը աճել է մոտ 9 անգամ։ Ըստ պաշտոնական տվյալների արտահանման ցուցանիշը 2022 թվականի ընթացքում աճել է 79.0%: Նշենք, որ նույնիսկ զուտ արտահանումը այս տարի գրանցել է ռեկորդային աճ` համեմատած անցած տարիների հետ: Սա ցույց է տալիս, որ 2022 թվականին արտահանման աճը ապահովվել է ոչ միայն վերաարտահանման հաշվին։


2023 թվականին արտահանման կեսը (49.4%) կամ 4.14 մլրդ դոլարը գնահատվել է որպես վերաարտահանում։ Եթե դիտարկենք միայն զուտ արտահանումը, ապա իրական արտահանման աճը 2022 թվականին կազմել է մոտ 10%, համեմատած ՀՀ վիճակագրական ծառայության կողմից ներկայացված արտահանման 55% աճին։ Նշենք, որ 2023 թվականին գնահատված վերաարտահանումը աճել է 2.8 անգամ (1.5 մլրդ դոլարից 4.1 մլրդ դոլար)։


Թանկարժեք քարերն ու մետաղները (ԱՏԳ ԱԱ 71)՝ հիմնականում ոսկու արտահանումը, դարձել են արտահանման գերակշռող ճյուղ՝ ընդհանուր արտահանման մոտ 1/3-ը կազմել է թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը։ Ոսկու վերաարտահնման սրընթաց աճը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից և դեռ շարունակվում է։ Վերաարտահանման մեջ 2/3 մասը զբաղեցնում է այս ապրանքատեսակի վերաարտահանումը։ Նշենք նաև, որ 2024 թվականի հունվարի դրությամբ նախորդ 12 ամիսների վերաարտահանումը կազմում է ընդհանուր արտահանման 51,3 տոկոսը"։


Ապա շարունակեց.


"Հայաստանի արտահանումը 2024 թվականի մարտ ամսին հարաբերած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ արդեն կազմել է 11.2 մլրդ դոլար, որից միայն 54.7 տոկոսը կամ 6.1 մլրդ դոլարը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումն է: Նշենք որ 2023 թվականի մարտ ամսին հարաբերած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ Հայաստանի արտահանումը կազմում էր 6.3 մլրդ դոլար, որից 1.3 մլրդ դոլարն էր կամ 20.2% թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը: 6.1 մլրդ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և մետաղները հիմնականում վերաարտահանվել են Ռուսատանից դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և Հոնկոնգ։ Մեր կողմից գնահատված վերաարտահանումը 2024 թվականի մարտին 12-ամսյա կտրվածքով կազմում է 11.2 մլրդ դոլարից մոտ 65%:


Միայն 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՀ արտահանումը կազմել է 4.4 մլրդ դոլար, իսկ ներմուծումը 4.7 մլրդ դոլար: Համեմատության համար 2023 թվականի առաջին եռամսյակում արտահանումը կազմել էր 1.6 մլրդ դոլար (2.72 անգամ աճ), իսկ ներմուծումը 2.7 մլրդ դոլար (1.76 անգամ աճ): 2021թ. Հայաստանի ամբողջական արտահանումը կազմում էր 3.0 մլրդ դոլար, իսկ ներմուծումը 5.4: Այդ ժամանակահատվածում ներմուծումը 1.62 անգամ ավելի մեծ էր արտահանումից, իսկ 2024 թվականի առաջին երեք ամիսների կտրվածքով այդ հարաբերությունը կազմում է 1.07: Այսինքն, 2024 թվականի առաջին երեք ամիսների կտրվածքով ներմուծումը ընդամենը 7 տոկոսով է գերազանցում արտահանումը, որը առաջին հայացքից մեծ առաջընթաց է պատմականորեն բացասական Հայաստանի ապրանքային հաշվեկշռի հավասարակշռման տեսանկյունից, սակայն կառուցվածքային փոփոխությունները այլ բանի մասին են խոսում:


Եթե 2024 թվականի հաջորդ եռամսյակներում արտահանումը և ներմուծումը նույն ցուցանիշներն են ցուցաբերելու, ապա տարվա վերջին արտահանումը կազմելու է մոտ 18 մլրդ դոլար, իսկ ներմուծումը 19 մլրդ դոլար, այսինքն համապատասխանաբար մոտ 2 և 1.6 անգամ աճ մեկ տարվա ընթացքում:


2024 թվականի առաջին եռամսյակում արտահանման արդեն 74.6 տոկոսը թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներն են եղել` կազմելով 3.3 մլրդ դոլար: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների մեծ մասը` 76 տոկոսը, ոսկու վերաարտահանումն է` 2.5 մլրդ դոլար կամ 37.5 տոննա: Մեկ տոննայի արտահանման արժեքը կազմել է 66.9 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում ըստ պաշտոնական վիճակագրության ներմուծվել է 56.2 տոննա ոսկի ընդհանուր 2.2 մլրդ դոլար արժողությամբ: Մեկ տոննայի ներմուծման արժեքը կազմել է 39.6 մլրդ դոլար: Միջազգային շուկայում ոսկու մեկ տոննայի միջին գինը այս ժամանակահատվածում եղել է 73.1 մլն դոլար:


Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի առաջին եռամսյակի հետ ըստ արտահանման ապրանքային խմբերի աճ են արձանագրել հիմնականում` թանկարժեք քարերը և մետաղները (8.7 անգամ), տեքստիլը և կոշկեղենը (42.7%) ինչպես նաև հանքաքարը և խտանյութը ունեցել է վերականգնողական աճ (18.5%): Մնացած բոլոր ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է` մետաղների և դրանցից արտադրանքի արտահանումը կրճատվել է 2.3 անգամ, տրանսպորտի և տեխնիկայի արտահանումը, որը մեր գնահատականով եղել է վերաարտահանում այլ երկրներից դեպի ՌԴ, կրճատվել է 12.4% տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը (բացառությամբ ըմպելիքների) կրճատվել է 17.0%, ծխախոտը` 6.1 տոկոս, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները` 1.0%, քիմիական նյութերի արտահանումը` 31.0%, իսկ էլեկտրոէներգիան` 35.5%:


Ընդհանուր առաքմամբ առկա է արտահանման և տնտեսական ակտիվության աճ, սակայն սա իրականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման զգալի աճով: Առանց այս ցուցանիշի աճի նշված տնտեսական ցուցանիշները անկում են գրանցում: Ընդհանուր առմամբ այս հանգամանքի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ տնտեսության աճը այս պահին կապված է արտաքին ազդակների հետ և արտաքին ազդակներից որևէ մեկի փոփոխման և ոսկու վերաարտահանման էական նվազման պարագաներում տնտեսությունը դառնում է խոցելի",- հավելեց Թավադյանը: