Փաշինյանը փորձում է հայ ժողովրդին դարձնել Արևմուտքի և Թուրքիայի սպասարկուն. Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհավորել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանին՝ «Համահայկական Ճակատ» նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրվելու առթիվ:
"2020 թվականի 44-օրյա պատերազմի խայտառակ և ամոթալի պարտությունից հետո՝ հայ ժողովուրդը գտնվում է հուսահատության և անտարբերության մեջ, քաղաքացիների զգալի մասը չի հավատում, որ այլևս հնարավոր է վերագտնել հայի արժանապատվությունը և վերականգնել Հայաստանի (Հայոց հայրենիքի և Հայոց պետության) բարի համբավը:
Հայաստանն ու հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած են բախտորոշ ճամփաբաժանի առաջ, երբ Հայաստանի գործող վարչապետ Փաշինյան Նիկոլը փորձում է հայ ժողովրդին դարձնել Արևմուտքի ու Թուրքիայի ենթական ու սպասարկուն, մինչդեռ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն ուզում է ունենալ արժանապատիվ և հզոր Հայաստան՝ ազգային և հայրենասեր իշխանությամբ:
Հայրենատե՛ր գեներալ Արշակ Հենզրիկի, ի դեմս Ձեզ՝ հայ ժողովուրդը տեսնում է Հայաստանին ու հայոց պետությանը նվիրված պետական գործչի, ում խոսքին և գործին հավատում ու վստահում է:
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն ընդգրկվել է Ձեր առաջնորդությամբ ստեղծված «Համահայակական ճակատ» շարժման մեջ այն վստահությամբ, որ, շարժման մեջ գտնվող բոլոր ուժերի միասնությամբ, Հայաստանի իշխանությունից հեռացնելու ենք հայկական Արցախն Ադրբեջանին հանձնած, Հայաստանի թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցող Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին ու փրկելու, պաշտպանելու և հզորացնելու ենք մեր Սուրբ Հայաստանը (Հայոց հայրենիքն ու Հայոց պետությունը)",- ասված է հայտարարության մեջ։