Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել. Բլինքեն
Բրյուսելում ընթացող եռակողմ ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընկերության համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի և շատ ամուր հիմք է ստեղծում նաև նրա համար, ինչ կարող է համատեղ ուժերով արվել ապագայում:
«Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանին: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ, իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող՝ տարածաշրջանի և աշխարհի հետ կապվածությամբ: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են գործընկեր դառնալ այս հարցում. կարծում եմ, որ այս օրը այդ ամենի վկայությունն է»,- հայտարարել է Բլինքենը՝ հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրության այս պահը։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի ջանքերին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին։
«Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։ Այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ Մենք մտադիր ենք հետագայում ևս մեծացնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ»,- ընդգծել է Բլինքենը: