Երևանը նոր վարկ կվերցնի
«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երեւանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով: Ունի միջանկյալ եւ վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090 մլն եվրո: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկվել է ««ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացվել է Երեւանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամուրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երեւանի բեռնաթափումն է:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթեւացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է Աջափնյակ մետրոկայարանի կառուցման նախագիծը եւ անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցի, Ռուբինյանց, Զվարթնոց օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: