26.11.2024
Սահմանվում են նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է կանոնակարգել սպանդանոցային գործունեությունը

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Այն է՝ խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը:


Ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանն ընդունելու համապատասխան իրավական ակտերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:


Պատգամավորները սպանդանոցային գործունեության, դրանց համալրման վերաբերյալ հարցեր են հնչեցրել եւ առաջարկներ ներկայացրել փոխնախարարին: Տաթեւիկ Սարգսյանը պարզաբանել է, որ Կառավարության թիվ 993 որոշմամբ արդեն լրացում է կատարվել, որտեղ ներառվել է «սպանդանոցային կետ» հասկացությունը, այսինքն՝ մարդիկ կարող են ավելի դյուրացված տարբերակով՝ սպանդանոցային կետ հիմնելով, իրականացնել կենդանիների սպանդը սպանդանոցային կետերում:


Այս համատեքստում պատգամավոր Միքայել Թումասյանն առաջարկել է տարբեր ձեւերով լավարկել իրազեկման աշխատանքը: «Եթե կան Կառավարության ծրագրեր, փոփոխություններ, եթե ունենք պոտենցիալ շահառուներին իրազեկելու մեթոդներ, ապա պետք է գնանք, տեղում իրազեկենք, որ մարդիկ տեղյակ լինեն»,- մասնավորապես ասել է նա:


Տաթեւիկ Սարգսյանը պարզաբանել է, որ օրենքների նախագծերը ոչ միայն դրվում են հանրային քննարկման, այլեւ նախարարության համապատասխան ստորաբաժանումը մարզերում՝ գյուղացիների շրջանում, մարզպետարաններում, փոփոխվող ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն է տալիս:


Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: