VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են իրականացնում եւ հաջողել են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնելու առումով, սակայն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր։ Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ. ստորագրված եւ մեկ տարի անց ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը լրանում էր անցած տարի․ այն կնքվել էր 25 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ, որից օգտվել են ՀՀ իշխանությունները։ Ըստ պայմանագրում ամրագրված դրույթի՝ «Սույն Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին»:
ՀՀ իշխանությունները չեն դիմել, ուստի ժամկետն ինքնաբերաբար եւս 10 տարով երկարացվել է։ Այն դեպքում, երբ դեռեւս 2021-ից ՀՀ իշխանության տարբեր պաշտոնյաներ դժգոհում են, որ ՌԴ-ն հավատարիմ չէ ՀՀ-ի հետ ստորագրած միջպետական պայմանագրերին եւ չի աջակցում Հայաստանին։ Մասնավորապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանը դեռ 2021-ին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ոտնձգություննների առիթով քանիցս կոչով դիմել է ՌԴ-ին՝ հիշեցնելով 1997 թ. պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտավորության մասին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։ Նախաձեռնողներից մեկը` նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, օրերս ազդարարեց. «Հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին եւ որեւէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ»։ Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը՝ փորձելով Արցախի պետական ինստիտուտների վրա տապանաքար դնել եւ հետայսու աշխատել ՀԿ սեկտորի հետ։ Այս նպատակով հանդիպում է կայացել Արցախի ներկայացուցչությունում` հանրահավաքի նախաձեռնողների եւ Արցախի խորհրդարանական ուժերի միջեւ: ՀԿ-ներին զգուշացվել է, որ չտրվեն ՀՀ իշխանությունների սադրանքներին, գործիք չդառնան, քանզի չի բացառվում, որ փաշինյանական թիմն առաջարկի ՀԿ սեկտորին` աշխատանքային խումբ ձեւավորել եւ կառավարության հետ աշխատել արցախցիների խնդիրների լուծման վրա: Կստացվի, որ այդպիսով լուծարում են ԱՀ պետական ինստիտուտները եւ արցախցիների հարցերի պատասխանատու նշանակում այդ խմբին։ Քննարկման արդյունքում որոշել են համատեղ անել հավաքը, ապա իշխանության արձագանքից հետո որոշել իրենց հետագա անելիքները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպումը շատ թեժ մթնոլորտում է անցել: Այն տեղի է ունեցել Ոսկեպար գյուղի Մշակույթի տանը: Մինչ ներս մտնելը հավաքել են քաղաքացիների հեռախոսները, բացի սա, հանդիպման մասնակիցները մետաղաորսիչ սարքի միջով են անցել, ու նոր միայն թույլատրել են մտնել դահլիճ: Այսինքն՝ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ հանդիպումից, այսպես ասած, սլիվներ չլինեն, հանդիպումը չձայնագրվի կամ տեսագրվի: Հանդիպման ժամամակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես իր գործելաոճին է բնորոշ, տավուշցիներին պատերազմով է վախեցրել, ասել է՝ եթե ադրբեջանցիների պահանջած 4 գյուղերը չտանք, ապա նորից պատերազմ է սկսվելու Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի գործուն աջակցությամբ: Բացի սա, Փաշինյանն ասել է, որ գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանն արդեն երկրորդ փուլով անկլավային համարվող գյուղեր է պահանջելու, ու արդեն սկսել է փաստաթուղթ մշակել սրա համար:
Իսկ երբ քաղաքացիները անհանգստություն են հայտնել, թե դրանից հետո ինչ է լինելու այն բնակավայրերի հետ, որոնց հետ կապը կտրվում է, Փաշինյանն ասել է, թե Ենոքավանով ու Ջուջեւանով անցնող նոր ճանապարհ կկառուցեն, իսկ եթե անհրաժեշտ լինի, նաեւ Ոսկեպարով անցնող թունել կկառուցվի: Քաղաքացիները նաեւ հետաքրքրվել են՝ արդյոք հերթական զիջումներից հետո երաշխիք կա, որ Ադրբեջանի ախորժակը կզսպվի, ու այլեւս նոր պահանջներ չի ներկայացնի թշնամին. Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի: Մեզ եւս մեկ ուշագրավ դեպք հայտնի դարձավ այս հանդիպումից.այսպիսով, տավուշցիներից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե օրեր առաջ հանդիպել է նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ու վերջինս ասել է, որ գյուղերի վերադարձը միայն փոխադարձության սկզբունքով պետք է տեղի ունենա, այսինքն՝ Ադրբեջանն էլ իր հերթին մեր տարածքները պետք է վերադարձնի: Լսելով այս պատմությունը՝ Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն: Ըստ էության, Փաշինյանի այցը նպատակ է ունեցել տավուշցիներին վախեցնելու ու նոր զիջումների պատրաստելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Շիրակի մարզ: Նախնական մարզային այցի օր նշանակված է շաբաթ՝ մարտի 23-ը: Ավելին՝ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Փաշինյանի այցին հնարավոր է նաեւ հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը: Ինչպես ավելի վաղ գրել էինք, Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին: Եւ, ահա, Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո Շիրակի մարզպետ կդառնա վարչապետի տիկնոջ ազգականը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի հուլիսի 20-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, եւ նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու»: Իրականում, երբ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց միայն ԱԺ նախագահի եւ վարչապետի եղբայրների գործունեությունը, ճիշտ հակառակն էր Նիկոլ Փաշինյանի խոստումների: Դեռ 2022-ի հունիսի 10-ին բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբայր Արմեն Փաշինյանը, որը խոպանից Հայաստան է վերադարձել 2018 թվականի հեղափոխությոնից հետո, մեկ տարում դարձել է միանգամից 4 ընկերության տնօրեն։ Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում. «Եվրոասֆալտ1», «Եվրոասֆալտ» ընկերություններում և փոխտնօրեն՝ «Թի էս քնսթրաքշն» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ Ասֆալտապատմամբ զբաղվող այդ ընկերությունը բազմաթիվ պետական գնումներում է հաղթել, խոշոր ասֆալտապատման «մրցույթներում»։ Իսկ եղբոր կինը խոշոր կոռուպցիոն սկանդալի շրջանակներում կալանավորվեց եւ միայն Ալեն Սիմոնյանի միջամտությունից հետո ազատության մեջ հայտնվեց. ԱԺ նախագահը ազատությունից րոպեներ հետո եղբոր կնոջ հետ լուսանկար հրապարակեց»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու անելիքները, օրակարգում ընդգրկված նախագծերը։ Մեր տեղեկություններով՝ հատկապես խոսվել է ԵՄ դիտորդների համաձայնագրի մասին, որը ներկայացված է ԱԺ վավերացմանը: Հայկ Կոնջորյանը թիմակիցներին փոխանցել է, որ ընդդիմությունը ծանր է տանում այդ համաձայնագիրը, եւ ենթադրվում է, որ կոշտ ելույթներ են ունենալու, ուստի պետք է համարժեք պատասխաններ ունենալ։ Հանձնարարվել է նաեւ պատգամավորներին՝ ակտիվ հանդիպումներ սկսել արցախցիների հետ, լսել նրանց խնդիրների մասին եւ բարձրաձայնել՝ ցույց տալով, որ մտահոգված են արցախցիներով։ Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է տրվելու` ընդհուպ նշվելու է, որ արգելվում է դիտորդներին ձերբակալել կամ կալանավորել: Նման անձեռնմխելիություն Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարդկությանը հայտնի բոլոր բարեգործական հիմնադրամների շնորհները ուղղվում են տարբեր կարիքավոր անձանց եւ ոլորտներ։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277,5 միլիոն դրամ շնորհներից ստացված եկամտի կեսից ավելին` 147.5 միլիոն դրամը, աշխատավարձի, գործուղման եւ այլ ծախսերի տեսքով ուղղվել է վարչական ծախսերին (կազմակերպության 2022թ. հաշվետվություն), այսինքն՝ հենց իրենց։ Հիրավի խելացի մտածված սխեմա է` ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ՝ բարեգործականի անվան տակ կորզել գումարներ` ապա դրանց «անմեղ» ձեւով տիրանալ` ստանալով որպես աշխատավարձ։ 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ, ավելի ստույգ՝ «լրատվամիջոցների աչքից հեռու» բազմամարդ հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հավաք-հանդիպումը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին ներկա են եղել «Միասնություն» համազգային շարժման ավելի քան 500 ներկայացուցիչներ և հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մասնակիցներ Արցախից: Ըստ մեր աղբյուրների, հետաքրքրական փաստ է, որ շարժումը թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան շրջանակների հետաքրքրությունն է շարժել, այդ պատճառով էլ հավաքին ներկա են եղել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող բարձրաստիճան գործիչներ և, այսպես կոչված, «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչներ։ Թերթի տեղեկություններով, հավաքի ժամանակ բավական թեժ քննարկումներ են եղել Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, ինչպես նաև «Միասնություն» շարժման գործունեության էլ ավելի ակտիվացման ու ընդլայնման մասին: Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք։ Որոշվել է ընդլայնել շարժումը, մասնավորապես, առաջիկայում մայրաքաղաքում և մարզերում շարժման նոր գրասենյակներ կբացվեն:
«Փաստ» օրաթերթը գրում է. Կիրակի օրը «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները այցելել են Տավուշի սահմանագիծ, որտեղ հանդիպել են, ինչպես նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է նշել իր ֆեյսբուքյան էջում, «վտանգված գյուղերի» բնակիչների հետ, ինչպես նաև այցելել են առաջնագիծ, տեղում ծանոթացել իրադրությանը: Այնուհետ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, «Հայաքվեն» հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է գործող իշխանություններից՝ վերջ դնել մեր հայրենիքի տարածքների հանձնմանը, հորդորել մեր բանակին և բոլոր քաղաքացիներին՝ նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում: «Հայաքվեի» հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ: Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի առաջին եռամսյակի գնումները՝ նկատում ենք, որ խորհրդարանը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների համար օրացույցներ։ Ազգային ժողովը կնքել է 2 նմանատիպ պայմանագիր, որոնցից մեկը 3 մլն 239 հազար դրամ արժե, իսկ մյուսը՝ 1 մլն 626 հազար դրամ։ Ազգային ժողովն իր կարիքների համար շատ է նմանատիպ անհիմն գնումներ իրականացնում։ Պարզաբանենք՝ ինչպես։ 3 մլն 239 հազար դրամի ձեռք է բերվել աշխատանքային օրագիր եւ սեղանի օրացույց։ Ըստ պայմանագրի բնութագրի եւ պայմանագրի պահանջի՝ օրագրերը եւ օրացույցները պետք է լինեն ՀՀ ԱԺ լոգոյի տպագրությամբ կամ դաջվածքով: Յուրաքանչյուր էջի վերին հատվածի աջ եւ ձախ կողմերում պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝հայերեն-անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ ամիս, օր, շաբաթվա օրեր գրառումերը, էջերը պետք
է լինեն համարակալմամբ (էջի ներքեւի հատվածի մեջտեղում): Օրագրի 1-ին էջի վրա պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝ հայերեն, անգլերեն լեզուներով , եւ գրառումը, ինչպես նաեւ 2-րդ էջը պետք է լինի դատարկ՝ առանց տպագրության, 3-րդ էջի վրա հայերեն, անգլերեն լեզուներով պետք է տպագրված լինի՝ անձնական տվյալների լրացման դաշտ, 4-րդ էջում՝ 2024 թվականի օրացույցի, իսկ 5-րդ էջում՝ 2025 թվականի օրացույցի տպագրությամբ՝ նիստերի օրերին համապատասխան վանդակները մոխրագույն երանգավորված: Գնվել է 1200 օրագիր եւ օրացույց, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 2 799 դրամ եւ 2 199 դրամ։ Այս պայմանագիրը կնքվել էր «ԷԼ ԸՆԴ ԷՎ» ՍՊԸ-ի հետ, սակայն մեկ այլ պայմանագիր, որով կրկին օրացույցներ են գնվել, ձեռք է բերվել անհատ ձեռներեցից։
Նշված պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 626 հազար դրամ, որը ծախսվել է 2024 թվականի համար նախատեսված եռափեղկ կամ եռամսյա օրացույց ձեռք բերելու համար։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 570 հատ, որի մեկ հատի արժեքը կազմել է 2 058 դրամ։ Նույն պայմանագրով ձեռք է բերվել նաեւ 2024 թվականի համար նախատեսված օրացույց՝ տնակաձեւ։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 500 հատ, որի արժեքը կազմել է 905 դրամ։ Ստացվում է, որ Ազգային ժողովը պատրաստ է եւ՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, եւ՛ օրացույցների եւ օրագրերի համար, սակայն որն է տրամաբանությունը, պարզ չէ»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։ Ժամացույցների համար ընդհանուր վճարվել է 10 մլն 786 հազար դրամ։ Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները որպես պարգեւ տալու համար են նախատեսված: Դրանք 925 հարգի արծաթից են, նաեւ բարձր հարգի ոսկով են պատված, մեխանիկական են, ապակին՝ շափյուղա, գոտին՝ բնական կաշի, իսկ վրան փորագրված է՝ «ՀՀ ՆԳ նախարարի կողմից»։ Նման նվեր-ժամացույցներ շնորհում է նաեւ ՀՀ վարչապետը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք իրավացի էին: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե «փողի խնդիր չունեն»: Իրականում ստացվում է, որ լրիվ հակառակն է: Պետք է հաշվի առնել, որ հարկերն ու տուրքերն ավելացնելը, նոր հարկատեսակներ մոգոնելը, հարկման շրջանակներն ընդլայնելը «ոչ պոպուլ յար» քայլեր են, որոնք, բնականաբար, հարվածում են իշխանությունների՝ առանց այդ էլ գերցածր վարկանիշին: Արդյոք տնտեսության իրական վիճակն այնքան վա՞տ է, որ նույնիսկ գիտակցելով նշվածը՝ իշխանությունները գնում են նման քայլերի: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իրավիճակը նկարագրում է պարզ օրինակով:
«Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի տեղ աշխատենք, կա՛մ մեկ վայրի աշխատավարձը բարձրանա: Մի քանի տեղ աշխատելու հնարավորությունը սովորական մարդու համար շատ դեպքերում ժամանակի անբավարարություն է ենթադրում: Պետության պարագայում դա ենթադրում է արտադրական հնարավորություններ: Նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վաճառված, այդ թվում՝ արտահանված արտադրանքի ավելացում նախատեսո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նայում ենք ցուցանիշներին և տեսնում՝ սննդի արդյունաբերություն՝ նվազում, խմիչքի արտադրություն՝ նվազում, դեղագործական հիմնական արտադրություն՝ նվազում և այլն:
Եթե արտադրանքը քանակապես նվազում է, ապա մնում է Արևմուտքից ներմուծում և Ռուսաստանին կամ հակառակ ուղղություններով ապրանքների վաճառքը, այդ դեպքում էլ ընդունեցին երկու տեսակ որոշում՝ տրանսպորտային միջոցների և երկակի նշանակության ապրանքների վերարտահանման արգելքը՝ այսպիսով արհեստական խոչընդոտ ստեղծելով: Հետևաբար, մնում է մեր ունեցած եկամուտների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնական սպառումից ավելի շատ հարկերի հավաքագրումը: Սրան պետք է հաջորդի գնաճը, այսինքն՝ պետք է կա՛մ գները բարձրացնեն, որ նույն դրույքաչափերով ավելի շատ հարկ հավաքեն, կա՛մ պետք է հարկի դրույքաչափը բարձրացնեն, որ նույն եկամուտից ավելի շատ հարկ հավաքեն: Սրանք երկու ճանապարհով էլ գնացին:
2024 թ.-ի մեկնարկից անցել է 2,5 ամիս: Կառավարության ղեկավարը կառավարության նիստին խոսեց ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին, թե՝ սա ինչ ցածր թվեր են, այնուհետև տրանսպորտի գնի վերանայում, տրանսպորտի գնի բարձրացումը ենթադրում է նաև ավելի շատ հարկեր, այնուհետև կարմիր գծերի, հետագայում՝ փաստաբանական, բրոքերական ծառայությունների գների բարձրացում, պետբյուջեի օրենքի մեջ նախատեսել են կրթության, գիտության և առողջապահության՝ ավելացված արժեքի հարկով հարկում, ինչը նշանակում է 20 տոկոսով այդ ոլորտների սակագների բարձրացում: Ապագայում դեռ ականատես կլինենք բազմաթիվ նման նախաձեռնությունների, որովհետև 340 մլրդ դրամով բյուջեի ավելացումն ուղղակի հնարավոր չէ կատարել արտադրության նվազման պարագայում»,-եզրափակում է Սարգսյանը: