27.11.2024
Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ. Ֆրանսիայի դեսպան
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Եգիպտոսի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի հետ:


Վերջինս ողջունել է վարչապետի այցը նոր կառուցվող վարչական քաղաք և ընդգծել Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության կարևորությունը: Մոսթաֆա Մադբուլը շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի: Պարոն Մադբուլը նշել է ՀՀ վարչապետի արդյունավետ հանդիպումները երկրի նախագահի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ` տնտեսական կապերի ամրապնդման ու առաջմղման նպատակով: Միաժամանակ, Մոսթաֆա Մադբուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:


Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Եգիպտոսի նախագահի հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը: Այս առումով, վարչապետը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը: Միաժամանակ, ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:


Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Մոսթաֆա Մադբուլը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:


Մտքեր են փոխանակվել նաև Եգիպտոսի նոր վարչական քաղաքի, ինչպես նաև Հայաստանում Ակադեմիական քաղաքի շինարարական գործընթացին վերաբերող հարցեր:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար ֆորումն անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում: