25.11.2024
Հայերը քանակով երկրորդն են 2016-ին Վրաստան այցելածների թվում
prev Նախորդ նորություն

Շարմազանով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀ-ն իր տեղը որևէ մեկին չի զիջի

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավաստիացնում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցում Հայաստանը իր տեղը որևէ մեկին չի զիջի:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնելու հերթը Հայաստանինն է, եթե ռոտացիան լինի այբբենական կարգով: Հայաստանն իր հերթը ոչ մեկին չի տալու, ռոտացիոն կարգը դեռ չի սկսվել: Հայկական շահերը հայկական կողմը շատ լավ պաշտպանում է»,– Tert.am-ի հետ զրույցում ասել է նա։
Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը լրացավ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ից նրան այդ պաշտոնում փոխարինել է Բորդյուժայի առաջին տեղակալը:

Շարմազանովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընտրում են ՀԱՊԿ խորհրդի բոլոր նախագահները՝ կոնսենսուսի միջոցով: Հարցի քննարկումը տեղափոխվել է մինչև ապրիլյան գագաթաժողով:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված՝ քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան:

Անդրադառնալով Չինարի գյուղի պաշտպանական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի կատարած դիվերսիոն հարձակման վերաբերյալ Նիկոլայ Բորդյուժայի՝ դեկտեմբերի 29-ի հայտարարությանը, որտեղ նա օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը՝ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ դա շատ կարևոր և եզակի հայտարարություն էր, որտեղ միջազգային կառույցը՝ ՀԱՊԿ-ը, հասցեական գնահատական է տալիս Ադրբեջանի գործողություններին՝ անվանելով դա սադրանք: Եվ երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ասում է ոչ միայն Բորդյուժան, այլ նաև ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում տեղադրվում է այդ տեքստը.

«Բորդյուժան գնալուց առաջ շատ ճիշտ հայտարարություն արեց և գնաց»,- հավելել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: