Անահիտ Սահակյան՝ Գյումրվա սոխակը 35 տարի բեմում
Նրան ասում են Գյումրվա սոխակ։ 35 տարի շարունակ երգչուհի Անահիտ Սահակյանն աշխարհի տարբեր բեմերից ներկայացրել է հայ ժողովրդական երգը։ Նրա ձայնն անհնար է շփոթել այլ ելևէջների հետ։
Եվ ահա հասունացել էր պահը ի մի բերել կատարած աշխատանքն ու ներկայանալ հանդիսատեսին։ Օրեր առաջ Գլենդելի High School-ի լեփ-լեցուն դահլիճում կայացավ երգչուհու Անահիտ Սահակյան և ընկերներ "Կյանք ու սեր" խորագիրը կրող համերգը։ Մոտ երեք ժամ հանդիսատեսը վայելեց մաքրամաքուր հայկական երաժշտություն, ժամանակ առ ժամանակ ձայնակցելով արտիստին։ Ընտրված էին այնպիսի երգեր, որ հանդիսատեսը անգիր գիտեր։ Հենց դա էլ նպաստեց, որ անմիջական ու ինտերակտիվ շփում ստեղծվեց արտիստերի ու հանդիսատեսի միջև։
Անահիտը ժամանակ առ ժամանակ հանդիսատեսին պատմում էր իր անցած ուղու, ուսուցիչների մասին. մարդիկ, որոնք օրինակ են եղել իր համար, մարդիկ, որոնց շնորհիվ հայ երգը ներկայացրել է պրոֆեսիոնալ ու ինքնատիպ ձեռագրով։
Անահիտը բեմում միայնակ չէր, նա հանդես եկավ նաև զուգերգերով՝ վաստակավոր արտիստ Էդգար Խաչատրյանի, ժողովրդական երգիչներ Հովհաննես Շահբազյանի, Մարգար Եղիազարյանի, Զարեհ Թևանի և այլոց հետ։
"Ես հավերժ հպարտ գյումրեցի եմ։ Ու ամեն անգամ իմ երկրում լինելը ինձ համար մեծ պատիվ է։ Օտար ափերը ինձ համար ոչինչ են ու այդ ափերից բոլորը կարող են տուն դառնալ։ Ամեն գիշեր քնում ու արթնանում եմ Հայաստանով, Գյումրիով։ Փառք եմ տալիս այս երկրին, որ կարողանում եմ այսքան հայեցի մնալ ու շնորհակալություն ասել իմ կյանքի ու ապրելակերպի համար։ Ես այստեղ արյունակից հարազատ չունեմ, բայց համայնքն ինձ պարուրեց ու պահեց ջերմությամբ։ Իսկ երգը եղել է և՛ ցավի, և՛ երջանկության ամենամեծ գրավականը",- ասում է երգչուհին։
Նշենք, որ համերգը բարեգործական էր և գոյացած հասույթից գումար էր փոխանցվեց "Անի" հիմնադրամին` աուտիզմով երեխաներին աջակցելու նպատակով։