Մեր առաջնային խնդիրը տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ապահովումն է. Բաքոյան
Կարեւորում եմ Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական միության դերը Հայաստանին վերաբերող հարցերում: Ինչպես արդարացիորեն նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդարանը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել եւ խոսելու է ճշմարտության լեզվով: Այս համատեքստում արժեւորում եմ Ձեր առաքելությունը եւ հայանպաստ գործունեությունը: Այս մասին ընդգծել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ հանդիպման ժամանակ եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է նաեւ բարեկամ Ֆրանսիայի դերը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում:
Պատգամավորը հյուրերին մանրամասնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրականացման պարագայում տարածաշրջանում կտիրի երկարատեւ եւ կայուն խաղաղություն: Այս համատեքստում Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային գործընկերների աջակցությունը, որն իր հերթին կերաշխավորի տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը ներկայացրել է նաեւ մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, բարձրաձայնել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցերը: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքներում բնակվող մեր քաղաքացիները լուրջ խնդիրների են բախվում. ադրբեջանցիները թիրախավորում են սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական անձանց: Պատգամավորը մանրամասն խոսել է նաեւ մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, եզդիական համայնքի խնդիրներից՝ փաստելով, որ վերջիններս պաշտպանված են Հայաստանում: Հանձնաժողովի փոխնախագահը Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ուշադրությունն է հրավիրել նաեւ Իրաքի եզդիների իրավունքների պաշտպանության հարցի վրա: Ժոֆրուա Դիդիեն նշել է, որ եղել է Իրաքում եւ հաստատել՝ այնտեղ եզդիների կյանքը վտանգված է:
«Մենք կամրապնդենք Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները, կարտահայտենք մեր ջերմ բարեկամությունը Հայաստանի նկատմամբ»,- ընդգծել է Ժոֆրուա Դիդիեն: