4.12.2024
ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են վերականգնվող հուշարձաններ՝  Քոբայրավանք և Սանահին
prev Նախորդ նորություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու սոցերաշխիքներից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ եւ նպաստ: Հաշվի առնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը` անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում:


Նախատեսվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել ԼՂ տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները Կառավարության սահմանած կարգով: Գործադիրը կսահմանի նաեւ ԼՂ տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները:


«Անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձանց, քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողն ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք. նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշված անձինք օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:


Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կնշանակվեն եւ կվճարվեն կենսաթոշակների համար սահմանված կարգով: Կհստակեցվեն եւ կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է` ՀՀ քաղաքացիություն ընդունած եւ չընդունած ԼՂ մեր հայրենակիցները նո՞ւյն, թե տարբերակված կենսաթոշակ ու նպաստն են ստանալու: «Հոկտեմբերի 26-ին Կառավարության առանձին որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվել է հատուկ պաշտպանության կարգավիճակ, ինչը գրեթե հավասարեցվում է փախստականի կարգավիճակին: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները` անկախ նրանից կդիմե՞ն ստանալու ՀՀ քաղաքացիություն, թե` ոչ, կշարունակեն ստանալ կենսաթոշակ եւ նպաստ»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդյո՞ք ստանալու են 2023 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակները եւ նպաստները հարցին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանը նշել է. «Կարծում եմ, որ կվերահաշվարկվի 3 ամիսների գումարը, եւ վերջիններս կստանան դրանք դեկտեմբեր ամսին»:


Պատգամավորները ելույթներում շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ունեն ամբողջական տեղեկատվության իրազեկման խնդիր, եւ այն պետք է ապահովել: